ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Ներել բոլորին, քանզի քիչ ենք

Փոքրիկ, սրտաչափ մի հողակտոր մնաց մեզ ու ավազի պես մաղված սփյուռք՝ աշխարհի քարտեզին ցիրուցան։ Զավակներ, ովքեր խոսում են նույն լեզվով, բայց տարբեր շեշտադրությամբ։ Մարդիկ սիրո՛ւն, ազնվական ու բա՛րձր, ովքեր գժտվում են իրար հետ ամեն աստծո օր, իսկ երբ գալիս է վտանգը` միասնանում, բռունցքվում ու դառնում են մի ամրություն, որին ոչինչ չի կարող հաղթել։

Երբեմն այս ազգը ունենում է անդաստիարակ զավակներ, ովքեր փորձում են պառակտել, քանդել շղթան, որի մասնիկը չեն համարում իրենց։ Փտած, արմատից կտրված այդ ծառերը անվերջ փնտրում են ժամանակի հոսքի մեջ իրենց բաժին հողը, որը սահում է թել-թել մնացած արմատների վրայով ու չի դառնում հանգրվան։

Բայց սաղարթապաշտ ծառը չի հարմարվում ոչ ավազին, ոչ ժայռոտ զանգվածներին, ոչ տափաստաններին և ոչ էլ հավերժական սառույցներին և հոգնած ու դատարկ, անհոգի սնում է իր սաղարթները ՝ շքեղանալով, սեթևեթելով ու փայլատակելով, առանց պտուղների ու հիշողության պահոցների… Այդ զավակները չեն քնում ոչ մի պահ, որովհետև խղճի հանած աղմուկները ստիպում են ականջալուր լինել։

Այս ազգի մեջ շատ են ազնիվները, ովքեր նաև սաղարթապաշտ ու անարմատ դրացու փոխարեն խնամում են հայրենիքը։ Նրանք այրվում են անկարևոր զգալու մտքերով, ինչ֊որ մի օր թերանալու, պակաս սնուցելու ու հետևողական չլինելու տենդով տապակվում։  Նրանք լուռ են, չեն աղաղակում։ Գիտեն, որ ճառ ասելու իմաստ չկա, քանզի դա շնորհն է անպիտան քաղաքական գործիչների, ովքեր ամեն օր խոսում են իր անունից ու քարոզում հայրենասիրություն, որը ջնարակված, ելակապատ հայրենասիրություն է, ցցուն, որից ինքը գլուխ չի հանում, միայն օրորում է գլուխն ու կպնում իր գործին…

Լինի առաջին, թե երկրորդ տեսակի, հայը անհանգիստ է։ Առաջինը դեգերում է ու այդպես էլ հանգրվան չի գտնում, և վերջում հայտնվում է մի գերեզմանոցում, որտեղ հողով փակում են չհագեցող ու ծարավ աչքերը։ Ետ դարձող թափորն արդեն չի էլ հիշում անցավորին…

Երկրորդը… Երկրորդը արևագալին արթնանում է ու ուղեղն ու ձեռքերը բանեցնում, որից ծնվում է խաչքար, հաց ու գիրք…Խոնարհվում է Եռաբլուրում և երբեք չի ծնկում թշնամու առաջ։ Որտեղ էլ հասնի, բարձունքներից նույնիսկ նա ատում է թուրքին, արյան մեջ հորդում է պապի կանչն ու ընկած մանուկի վերջին ճիչը… Որքան բարձրանում, իմաստնանում է, ավելի շատ է ատում թուրքին։ Վրեժով լցված հոգին անսահման փափկում է, երբ տեսնում է հայի ինչ-որ տեղ և խնդուն ողջունում։

Երկրորդ հայը ներողամիտ է առաջին հայի հանդեպ,  և վստահ է, որ լավ դաստիարակությունը կփրկի նույնիսկ նրան։

Ներում է բոլորին, քանզի քիչ ենք։

ՄԱՐՏԻՆԱ

Comment here