ԳլխավորԼուր

Նոր կրթական ծրագրեր. հաստատվել են 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը

Կառավարությունն այսօր հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Տեղերի բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացված հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների գծով առկա պահանջարկը, նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը:

2026/2027 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1280 տեղ, որից 1058-ը՝ պետական բուհերին։ Նախատեսված է նաև պահուստային 3 տեղ, որոնք, ըստ անհրաժեշտության, կբաշխվեն ընդունելության մրցույթում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:

Որոշման մեջ ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ իրականացվող Եվրոպական միության «Էրազմուս+» T-GREEN «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում մշակված կրթական ծրագրերի հատկացվող տեղերը:

2026/2027 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացվել է 231 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 19․4 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 188 տեղ՝ ընդհանուր տեղերի 15․9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3․4%-ը (ընդամենը՝ 38․7 %):

2026/2027 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրատուրայի ընդունելության տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով։

Մագիստրատուրայի նոր կրթական ծրագրերն են՝

  • «Բլոկչեյն և թվային արժույթներ»
  • «Բլոկչեյն և կրիպտոարժույթներ»
  • «Կայուն շրջակա միջավայրի ճարտարագիտություն»
  • «Կայուն քաղաքների ճարտարագիտություն»
  • «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում»
  • «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում»
  • «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր»
  • «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում»
  • «Ջերմաէներգետիկա», «Կայուն քաղաքների ճարտարագիտություն»
  • «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում»
  • «Կենդանաբանություն և մակաբուծություն»
  • «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում»
  • «Տնտեսության պետական կարգավորում»
  • «Ծրագրային ճարտարագիտություն»
  • «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»
  • «Բնապահպանություն և բնօգտագործում»
  • «Եվրասիական հետազոտություններ»
  • «Շրջանաձև տնտեսություն և կառավարում»։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews