ԳլխավորԽճանկար

ԵՊՀ-ում դարձել եմ «սմարթ» մտածողությամբ մարդ

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի այս տարվա շրջանավարտներից է Մարիամ Միրզոյանը, ում հետ Ysu.am-ը զրուցել է համալսարանական կյանքի, ծրագրի ընձեռած հնարավորությունների և աշխատաշուկայում հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետների մեծ պահանջարկի մասին:

Մասնագիտության ընտրության հարցում դժվար եմ կողմնորոշվել։

Նախքան սոցիոլոգիայի ֆակուլտետ ընդունվելս հետաքրքրված էի տարբեր ոլորտներով՝ տնտեսագիտություն, հոգեբանություն և այլն: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցանկանում եմ դառնալ PR մասնագետ: Ընտրեցի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը, քանի որ տեղեկացել էի՝ երրորդ կուրսից հնարավորություն կունենամ ընտրելու PR մասնագիտացումը։

Ավելիին հասնելու մտածողությունն իմ մեջ ձևավորվել է ԵՊՀ-ի պատերի ներսում։

Ֆակուլտետը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ, ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն: Համալսարանում ես դարձել եմ «սմարթ» մտածողությամբ մարդ, ով բոլոր պարագաներում կարողանում է չափել իր գիտելիքները՝ հասկանալով, թե դրանք ինչպես ու ինչ նպատակներով կարելի է կիրառել:

Մագիստրոսական ծրագրում ստացած կրթության շնորհիվ կարողանացա աշխատանքում ինձ լավագույնս դրսևորել։

Մագիստրոսական ծրագրում մասնագիտության վերաբերյալ ստացել եմ առավել համակողմանի ու խոր գիտելիքներ: Հատկանշական է այն, որ ծրագրի շրջանակում դասախոսում էին այնպիսի մարդիկ, որոնք ոլորտի լավագույններից են և ունեն մեծ ճանաչում: Աշխատաշուկա մուտք եմ գործել բակալավրիատն ավարտելուց հետո: Արդեն երկու տարի է՝ աշխատում եմ մասնագիտությամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ ֆակուլտետում ստացած համակողմանի գիտելիքները թույլ են տալիս աշխատանքում ավելի վստահ զգալ:

PR մասնագետ կարող են դառնալ ոչ միայն սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները:

Անգամ այն ուսանողները, որոնք անծանոթ են տվյալ ոլորտին, մագիստրսական ծրագրում ստացած գիտելիքների շնորհիվ կարող են դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից: Ծրագրին դիմած բոլոր ուսանողներին հնարավորություն է տրվում ստանալու հիմնարար գիտելիքներ:

Այս տարվանից դասախոսելու եմ արդեն իսկ հարազատ դարձած ֆակուլտետում։ 

Ինձ համար գերագույն հաճույք էր ԵՊՀ ուսանող լինելը: Իսկ այս ուսումնական տարվան ամենաշատն եմ սպասում․ մեծ պատիվ է լինել ԵՊՀ դասախոս և ստացածս գիտելիքները փոխանցել ուսանողներին: