ԳլխավորԼուր

Ուսանողները ցանկանում են ավելի արագ սովորել. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյան

Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով գիտաժողով, որի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին, ինչպես նաև շնորհավորել ԵՊՀ հիմնադրման օրվա, Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ:

«Բարձրագույն, ֆորմալ կրթությունը ներկա փոփոխվող աշխարհում պետք է գտնի նորանոր ձևեր՝ դառնալու առավել արդյունավետ ու ճկուն: Ուսանողները փոխել են իրենց մոտեցումները կրթական գործընթացի հանդեպ: Նրանք ցանկանում են սովորել ավելի արագ, կյանքի տարբեր ասպարեզներում դրսևորել իրենց, այդ թվում՝ աշխատանքային գործունեության մեջ, ուստի բուհական կրթությունը պետք է գնա միկրոորակավորումների, մասնակի որակավորումների ճանապարհով: Հետևաբար, կրթական ծրագրերը նոր մոտեցմամբ պետք է իրականացվեն՝ սահմանելով բաղադրիչներն ու հմտությունները: Մենք ակադեմիական կրթությունը և ժամանակակից զարգացող աշխարհի արագության պահանջը պետք է ճիշտ համադրենք, որպեսզի չտուժի կրթության որակը», — նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ժանն Անդրեասյանը ԵՊՀ «ԲանՈՒԳործ» էքսպոյում
Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ «ԲանՈՒԳործ» էքսպոյում

Նախարարը նաև փաստել է, որ ՀՀ կառավարությունը սահմանել է հավակնոտ թիրախներ. բուհերի շրջանավարտների 90 տոկոսն ավարտելուց հետո պետք է կարողանա աշխատանք գտնել մասնագիտությամբ. «Այս թիրախներին հասնելու համար առաջին հերթին պետք է բուհերի միջազգայնացմանը և մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներ իրականացնել»:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ կրթություն ստանալու հնարավորությունները շեշտակի աճել են, գործատուները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստվածությանը. «Կարևոր է, որ բուհական ակադեմիական կրթությունը համապատասխան լինի աշխատաշուկայի պահանջարկներին, և այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսի տաղավարներով:

Գիտաժողովը կազմակերպվել էր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, գործատուներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԵՊՀ «ԲանՈՒԳործ» էքսպո
ԵՊՀ «ԲանՈՒԳործ» էքսպո