ԵՊՀ-ում մեկնարկել է Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը՝ «Իսպաներեն՝ ժամանակի և տարածության մեջ առանց սահմանների լեզու. ավանդույթ, նորարարություն և միջմշակութային երկխոսություն» խորագրով։
ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսան կարևորեց միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ այն մեծ աջակցություն է իսպանալեզու երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար: Նա իր երախտագիտությունը հայտնեց Երևանի պետական համալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնին՝ ազգային և միջազգային ճանաչում ունեցող մի շարք հետազոտողների գիտական մեկ հարթակում համախմբելու համար:
«Իսպաներենը համաշխարհային լեզու է, որը՝ որպես Իսպանիայի արտաքին քաղաքականության առաջնային ուղղվածություն, ունի ռազմավարական նշանակություն: Սերվանտեսի ինստիտուտի տարեգրքի վերջին հրատարակությունը տրամադրում է որոշ տվյալներ, որոնք արտացոլում են իսպաներենի կարևորությունն այսօր: Ամբողջ աշխարհում պոտենցիալ իսպանախոսների թիվը գերազանցում է 600 միլիոնը, որը կազմում է աշխարհի բնակչության 7,5%-ը»,- հավելեց նա։
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են հայաստանյան և եվրոպական երկրների առաջատար բուհերի (Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ռումինիա, Լատվիա, Վրաստան) մասնագետներ՝ քննարկելու իպաներենի, իսպանախոս երկրների գրականությանն ու մշակույթին առնչվող բազմաբնույթ հարցեր։ Գիտաժողովը կշարունակվի ապրիլի 16-ին և 18-ին՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի լսարաններում և կոնֆերանսների դահլիճում։
Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիան (AEPE) այն աշխարհում իսպաներենի, իսպանական մշակույթի և լեզվի դասավանդման ամենահեղինակավոր ասոցիացիաներից է, որը միավորում է շուրջ 40 երկրների մասնագետների։
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Ռաֆայել Գոնսալես Ալեմանը, ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչության գործերի հավատարմատար Սանդրա Սանտանան և ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսան, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք, ուսանողներ, դասախոսներ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews