ԵՊՀ-ում անցկացվում է «Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին։
Միջազգային գիտաժողովի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ԵՊՀ հիշատակի ծառուղում տեղակայված Ֆրանց Վերֆելի կիսանդրու մոտ՝ այդպիսով ազդարարելով միջոցառման մեկնարկը։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը արժևորեց այն փաստը, որ 20-րդ դարում՝ Հայոց ցեղասպանությունից հետո, աշխարհասփյուռ հայության համար շատ կարևոր էր Վերֆելի նման հանճարի աջակցությունը։
«Գրքի ստեղծման գաղափարը Ֆրանց Վերֆելի մտքում ծագել է 1929 թ., երբ նա Դամասկոսում տեսել է, թե ինչպես են հայ երեխաներն աշխատում գորգի գործարանում։ Վերֆելը մանրամասնորեն ուսումնասիրել է ողջ հայոց պատմությունը։ Գրքի հրատարակումը (1933 թ.) մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար՝ արթնացնելով այն զգացողությունը, որ մեծ ողբերգությունը ճանաչում և դատապարտում են աշխարհի անվանի մարդիկ»,- ընդգծեց ԵՊՀ պրոռեկտորը։
Միքայել Հովհաննիսյանը նաև նշեց, որ մեկ տարի առաջ հայ ժողովուրդը կանգնեց նոր ողբերգության առջև, երբ Արցախի հայերը բռնագաղթեցին՝ լքելով իրենց տները։
«Սա մեզ համար ևս մեկ առիթ է մտածելու, թե ինչ դիրքորոշում պետք է ունենանք աշխարհում, ինչպես բարձրաձայնենք գոյություն ունեցող, մասնավորապես՝ մարդու իրավունքների խախտմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև դասեր քաղենք անցյալից՝ գալով ճիշտ եզրահանգման»,- մատնանշեց նա։
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, խոսելով Ֆրանց Վերֆելի աշխարհայացքից, ասաց. «Վերֆելի վեպը մեծ նշանակություն է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ընկալման և լուսաբանման հարցում։ Եթե 1915 թ. ջարդերը նկարագրելիս բազմաթիվ հեղինակներ և հետազոտողներ ներկայացնում են թուրքական բարբարոսության զոհ դարձած մարդկանց ճակատագրերը, ապա Վերֆելը ներկայացնում է 1915 թ. հերոսական ինքնապաշտպանությունը՝ շեշտադրելով հերոսական պայքարի ուժը, արժեքը և նշանակությունը»։
Էլինա Ասրիյանը փաստեց, որ քիչ չեն նաև այն հետազոտությունները, որոնք վկայում են 1915 թ. ջարդերի՝ հայ ժողովրդի կյանքում թողած անդառնալի հետևանքների մասին։
«Ցեղասպանության թեմայով հետազոտություններ են կատարվել ինչպես Արևմուտքում, այնպես էլ Հայաստանում, սակայն դրանք դեռևս այդքան էլ շատ չեն. ներկայում սակավաթիվ են Հայոց ցեղասպանության հոգեբանական կողմին առնչվող հետազոտությունները։ Հույս ունեմ, որ գիտաժողովն այսօրինակ հետազոտությունների վերաբերյալ քննարկումների նոր հարթակ կդառնա»,- նշեց Է. Ասրիյանը։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը, ընդգծելով, որ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը ժողովրդի անկոտրում և չնահանջող ոգու խորհրդանիշն է, ասաց․ «Հարկ է արձանագրել, որ այսօր էլ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը ուղղակիորեն կախված է աշխարհաքաղաքական ժամանակակից ելևէջումներից։ Հույս ունեմ, որ այս գիտաժողովի շրջանակում բարձրաձայնվող և քննարկվող հարցերը նոր լույս կսփռեն լուծման հնարավոր ուղիներ գտնելու հարցում»։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, անդրադառնալով 1915 թ. ողբերգությանը հաջորդած ժամանակաշրջանին, ասաց. «Վերքը թարմ էր ու խոր. ցեղասպանված ու հայրենազրկված ժողովուրդը մոռացության էր մատնել մղած ինքնապաշտպանական մարտերը։ Ֆրանց Վերֆելը Հայոց ցեղասպանության խնդրին անդրադարձել է նոր դիտանկյունից՝ ցույց տալով, որ հայ ժողովուրդը պարզապես չի մորթվել, այլ ընդվզել է, կռվել, պայքարել։ Ցեղասպանությունն ու ինքնապաշտպանությունը ներկայացվել են մեկ ընդհանրական շղթայով՝ շնորհիվ Ֆրանց Վերֆելի»։
Կարևորելով գիտաժողովի նշանակությունը՝ Ա. Մելքոնյանը շեշտեց. «Գործնական առումով այս գիտաժողովը շատ կարևոր է։ Ուրախ եմ, որ այս գիտական միջոցառմանը ներկա են նաև օտարերկրյա գիտնականներ, որոնց հետ էլ կբարձրաձայնենք վերոհիշյալ խնդիրները»։
Եռօրյա գիտաժողովի շրջանակում մասնակիցները կքննարկեն Ֆրանց Վերֆելի վեպի պատմաքաղաքական և գրական նշանակությունը, նրա հայանպաստ գործունեությունը, ինչպես նաև պատմության տարբեր շրջափուլերում հայերի հանդեպ հետևողականորեն իրականացված ցեղասպան քաղաքականությունն ու դրա դրսևորումները։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Գիտաժողովին մասնակցում են Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայկական ուսմանց ծրագրի, Լեփսիուսհաուս Պոտսդամի գիտնականները։