ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանի 85-ամյակին:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը Ysu.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2010 թվականից: Նրա խոսքով՝ Երևանի պետական համալսարանն այն վայրն է, որտեղ ուսանողները, մասնագիտական գիտելիքներ ստանալուց զատ, հնարավորություն են ունենում ճանաչելու ազգի երախտավորներին ու նրանց աշխատանքը:
«Յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի իր ազգի մեծերին՝ գրողներին, ռեժիսորներին, դերասաններին, առհասարակ արվեստի ու գիտության ներկայացուցիչներին՝ ձևավորելով մտահորիզոն, ճաշակ և վերաբերմունք երկրի, մարդկանց ու սեփական մասնագիտության վերաբերյալ»,- նշեց Կարինե Դավթյանը:
Կ․ Դավթյանն ընդգծեց, որ ֆիլմի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ «Ուրախ ավտոբուսը» Ալբերտ Մկրտչյանի վերջին ֆիլմն է և համեմատաբար քիչ է ցուցադրվել:
Հանդիպում-քննարկմանը ներկա էր նաև Ալբերտ Մկրտչյանի որդին՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը պատասխանեց ներկաների հարցերին, պատմեց հուշեր ու հետաքրքիր պատմություններ:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է այն միջոցառումների կազմակերպումը, որոնց շնորհիվ երիտասարդները ծանոթանում են մեր մեծերի ստեղծագործություններին։ Այսպիսի հանդիպումների շնորհիվ նրանք խորությամբ են ընկալում մեր մեծերի աշխատանքը»,- ասաց կինոռեժիսորը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատու Ռուզաննա Ալեքսանյանը ներկաներին պատմեց Ալբերտ Մկրտչյանի ստեղծագործական ուղու, ձեռքբերումների և մրցանակների մասին: Ռ․ Ալեքսանյանն ասաց, որ «Ուրախ ավտոբուս» ֆիլմն էկրան է բարձրացել 2000 թվականին և ներկայացնում է կյանքը Գյումրիում՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո:
«Առիթ եմ ունեցել աշխատելու Ալբերտ Մկրտչյանի հետ, որը մշտապես երիտասարդ ստեղծագործողներին հայրաբար էր վերաբերվում, տալիս արժեքավոր խորհուրդներ և կարողանում էր կինոկենտրոնում բոլորի տրամադրությունը բարձր պահել»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռ. Ալեքսանյանը:
Հանդիպում-քննարկումից հետո ներկաները դիտեցին «Ուրախ ավտոբուս» ֆիլմը։