ԳլխավորԼուր

«ԿԳՄՍ նախարարն ինձ բարձր պաշտոն է առաջարկել նոր բուհում». ԲՊՀ ռեկտոր

Երեկ ես լսել եմ Հանրային հեռուստատեսությամբ այդ փոքր ռեպորտաժը, լսել եմ հայտարարությունները, որ այստեղ ստորգետնյա հոսանքներ կան, որ սա փորձ է ուսանողներին մանիպուլացնելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, փոխանցում է News.am-ը:

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ բոլորին հայտնել, որ այո, հոկտեմբերի 14-ի նիստից առաջ ԿԳՄՍ նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ նա ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում գրավել որեւէ բարձր պաշտոն: Ես հրաժարվել եմ դրանից, ասել եմ, որ դա բացառված է: Հիմա նորից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նոր կազմավորվող ինստիտուտում ես որեւէ պաշտոն չեմ պատրաստվում զբաղեցնել:

Ես նշել եմ, որ սա անձնական հարց չէ, որ այստեղ ոչ մի ստորգետնյա շարժումներ չկան,  մանիպուլյացիայի ենթարկել այսքան ուսանողների ու դասախոսների, կարծում եմ՝ հնարավոր չէ: Ես ասել եմ, որ ես այստեղ եմ, նշանակված եմ ռեկտոր, որպեսզի պաշտպանեմ այս բուհի շահերը, ես ուսանողների եւ ամբողջ աշխատակազմի կողքին եմ»,-հայտարարեց ռեկտորը:

Հիշեցնենք, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ հոկտեմբերի 12-ից դասադուլ են անում և ստորագրահավաք են անցկացնում՝ բողոքելով բուհերի խոշորացման շրջանառվող նախագծի դեմ։

Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հաստատել էր, որ շրջանառվում է 3 բուհերի միավորման որոշում:

Բրյուսովցիներն հոկտեմբերի 18-ին կրկին ակցիա էին իրականացնում, այս անգամ՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանց ներկայացուցիչներին ավելի ուշ ընդունել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։