ԳլխավորԼուր

«Ես գրագողություն չեմ արել». ԲՊՀ ՈւԽ նախագահի թեկնածու

Բրյուսովի անվ. պետական համալսարան

«Վերցված հատվածներ եղել են, բայց ոչ մի օրենքով ուսումնական ծրագրերին առնչվող գործերը գրագողության առարկա համարվել չեն կարող»,- Usanogh.am-ի հետ զրույցում նման մեկնաբանությամբ հանդես եկավ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածու Աննա Վահանյանը:

Արդեն հայտնել ենք, որ հունիսի 2-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացվեց Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը, ինչի արդյունքում ՈՒԽ նախագահ ընտրվեց ԿՄՄ 3-րդ կուրսի ուսանողի Հայկուհի Յայլոյանը:

«Թեկնածուները երկուսն էին՝ Հայկուհի Յայլոյանն ու Աննա Վահանյանը։ Աշխատանքային ծրագրերը ներկայացնելիս պարզ դարձավ, որ ԲՊՀ ՈՒԽ նախագահի թեկնածու Աննա Վահանյանի աշխատանքային ծրագիրը արտագրություն է՝ գրագողություն՝ այլ բուհի ՈՒԽ նախագահի աշխատանքային ծրագրի պատճենում։ Վերոնշյալ հանգամանքը ապացուցվեց և որակվեց որպես ԲՊՀ ՈՒԽ նշված թեկնածուի աշխատանքային ծրագրի բացակայություն և անարգանք դեպի բուհի ուսանողությունը: Այդպիսով, ընտրությանը մասնակցելու հնարավորություն ունեցավ մեկ թեկնածու»,-ասված է բուհի տարածած հայտարարության մեջ:

«Կներեք, բայց իրենք ուզել են թղթեր, որոնք ներկայացնելը պարտադիր չի եղել, և այն, ինչ իրենք նշում են` գրագողություն համարվել չի կարող»,-ասաց Աննա Վահանյանը:

Նշենք, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում: Աննա Վահանյանի խոսքով`այն, ինչը բուհը համարել է գրագողություն` օրենքի այս կետով նշված «գաղափար» հասկացությունն է:

Նա շեշտում է` ինքը ընտրություններին ստացել է 200 ձայն, Հայկուհի Յայլոյանը` 173 ձայն, բայց, փաստացի, ընտրվել է Յայլոյանը: Բացի այդ` Աննա Վահանյանը պնդում է, որ նախքան ԲՊՀ-ի կայքէջով ՈՒԽ նորընտիր նախագահի անունը հրապարակելը բուհը պարտավոր էր ձևավորել ընդհանուր ժողով, որը կհաստատեր ընտրությունների արդյունքները. «Իրավունք չունեին մինչ այդ տվյալներ հրապարակել: Մենք հետևողական ենք մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-եզրափակեց նա:

Ավելի վաղ Usanogh.am-ը հայտնել էր, որ ԲՊՀ-ում առաջին կուրսի ուսանողուհի Մանե Արշակյանը հնարավորություն չի ստացել առաջադրվել որպես ՈՒԽ նախագահի թեկնածու։ Նա մեզ հետ զրույցում այդ որոշումը որակել էր ապօրինի: