ԳլխավորԼուր

«Գյուրջինյանը խոչընդոտել է իմ թեկնածությանը` վախենալով իր աթոռի համար». Բրյուսովի ուսանող

Նարե Արշակյան

Երեկ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հրավիրվել է Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի նիստ, որը համալսարանի առաջին կուրսի ուսանող Մանե Արշակյանը որակեց օրենքից դուրս: Usanogh.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կայացվել է կանոնակարգին դեմ որոշում և մերժվել է իր` ԲՊՀ ՈՒԽ նախագահի թեկնածու լինելու հայտը.

«Պատճառաբանություն է բերվել այն, որ ես առաջին կուրսի ուսանող եմ, այդ պատճառով չեմ կարող դիմել ՈՒԽ նախագահ լինելու համար, բայց նախ` կանոնադրությունը նման սահմանափակում չի դնում, ընդամենը հարկավոր է, որ թեկնածուի միջին որակական գնահատականը լինի 3-ից բարձր, որն իմ պարագայում առկա է: Ընդ որում, հատկանշական է, որ ֆակուլտետային նախագահության թեկնածուների շրջանում ունենք երկու թեկնածու, որոնք առաջին կուրսեցի են, բայց այդ հարցը չի էլ քննարկվում»:

Նրա խոսքով` ՈՒԽ նախագահի իր թեկնածությունն ամեն գնով մերժել է բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը. «Առաջիկայում հոգաբարձուների խորհուրդ պետք է ձևավորվի, որտեղ ներառվելու են նաև ՈՒԽ նախագահության կազմից անդամներ, այսինքն` խորհուրդը մասնակցելու է ռեկտորի ընտրությանը, որն առջևում է: Դավիթ Գյուրջինյանը վստահ է, որ ես դեմ եմ քվեարկելու իրեն, և ինքը կարող է կորցնել իր բաղձալի աթոռը, ուստի ամեն գնով ուզում է հոգաբարձուների խորհրդում ներառել իր համար ցանկալի անձանց, որոնք իրեն կողմ կքվեարկեն»:

Usanogh.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանից, սակայն ապարդյուն:

Նշենք, որ այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացվում են ՈՒԽ նախագահի ընտրություններ: