ԳլխավորԼուր

Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ 2022-2023 ուստարում ՀՀ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություններ կազմակերպելու մասին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկելու և քննական աշխատանքները ստուգելու նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ, նշանակվել նախարարության ներկայացուցիչներ և հաստատվել հանձնաժողովի անհատական կազմը:

Հրամանով սահմանվել է, որ կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին:

Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար: