ԳլխավորԼուրԿրթություն

Աշակերտն անբավարա՞ր է ստացել` մեղավոր է ուսուցիչը. գնահատման նոր չափանիշներ են սահմանվել

Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները: Մինչև 2026-ի ուսումնական տարին գնահատման նոր չափանիշները կներդրվեն Հայաստանի բոլոր դպրոցներում: Կկիրառվի սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման երեք տեսակ` հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ:

Usanogh.am-ի հետ զրույցում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը շեշտում է` դպրոցներում աշակերտների գնահատման հին համակարգի էությունն այն էր, որ ընդգծվում էր սովորողի չիմացածը, ոչ թե իմացածը.

«Ուսուցիչը նայում էր` աշակերտը որքան սխալ է արել և ըստ այդմ գնահատում: Հիմա ամբողջ աշխարհում սլաքներն ուղղում են դեպի իմացածի գնահատումը: Այսինքն` գնահատվում է ուսուցչի, ոչ թե աշակերտի աշխատանքը: Ուսուցիչը գնահատման նոր համակարգի շնորհիվ հասկանում է` դեռևս ինչ անելիքներ ունի տվյալ սովորողի գիտելիքները զարգացնելու ուղղությամբ»:

Նրա խոսքով` եթե աշակերտը չի կարողանում ապահովել անհրաժեշտ 4 նիշը, որը սահմանում է չափորոշիչը, դպրոցը պետք է դիմի միջնորդավորված քայլերի, օրինակ` սովորողի համար կազմակերպի երկարօրյա դասեր և այդպիսով լրացնի սովորողի բաց թողածը: Այդ դասի համար ուսուցիչը կստանա լրացուցիչ աշխատավարձ. «Եթե երեխան ունի, օրինակ, 1 նիշին համապատասխան գիտելիք, դա իր խնդիրը չէ, այլ դպրոցի: Ուստի տնօրենն ու ուսուցիչը պետք է փորձեն արդյունավետ կազմակերպել դասապրոցեսը»:

Արտաշես Թորոսյանը փաստում է` իրենց ուսումնասիրությունները, այդ թվում` Տավուշում առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի փորձարկումը, ցույց են տվել, որ աշակերտները սովորում են ոչ թե անբավարար ստանալու վախից դրդված, այլ երբ ուսուցանվող նյութը մատչելի է և հասկանալի:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը հիշեցնում է` օրինակ` ձևավորող (ֆորմատիվ) գնահատումը 20 տարուց ավել կիրառվում է ողջ աշխարհում. «Ձևավորող գնահատման միջոցով բացատրվում է երեխայի կարողությունը, օրինակ, կարողանում է Նյուտոնի երկրորդ օրենքը կիրառելով` լուծել խնդիրը: Սա ծնողին ավելի շատ տեղեկություն է հաղորդում, քան ցանկացած նիշով գնահատական: Ի դեպ, Հանրակրթության պետական չափորոշիչն ուներ գնահատման այս բաղադրիչը, այն ներդնելու մասին խոսակցություններ կային դեռ 15 տարի առաջ, սակայն դրա կիրառման եղանակներն ընկալելի չէին: Հիմա արդեն իրավիճակը փոխվեց»:

Նշենք, որ հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, ձևավորող գնահատման նպատակն է` բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները, իսկ ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է: Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած: Միավորային գնահատման դեպքում կիրառվում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ, որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։