ԳլխավորԼուր

Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչ. հանրային քննարկում

Մանկապարտեզ

2020 թվականին փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը:

Ի՞նչ է սահմանում չափորոշիչը

Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ` կոմպետենցիաներ), ըստ տարիքային խմբերի՝ կրթության և զարգացման վերջնարդյունքները, ինչպես նաև նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական հաստատություններին ներկայացվող միջավայրի ձևավորման չափանիշները:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որի հիման վրա մշակված կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:

Ներկայում նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված և 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած շուրջ 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են: Կրթության զարգացման այժմյան միտումները (հատկապես վաղ տարիքի երեխաների համար) ուղղված են նրանց համակողմանի զարգացմանը` կարևորելով կրթության դերը, մասնավորապես սահուն անցմանը դպրոցական կյանքին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը, որը նոր մոտեցում է:

Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, որը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Մասնավորապես տրված է, թե նախադպրոցական կրթության ավարտին երեխաները ինչ պետք է իմանան, կարողանան անել և հասկանալ։

Սահմանված են հետևյալ կարողունակությունները.

Լեզվական և հաղորդակցական,
Ճանաչողական և մոտիվացիոն,
Ինքնաճանաչողական և սոցիալական,
Ժողովրդավարական և քաղաքացիական,
Թվային և մեդիա,
Մշակութային,
Մաթեմատիկական և տեխնիկական,
Տնտեսական,
Ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի:

Վերջնարդյունքներ և կրթության բովանդակություն

Չափորոշչով սահմանված են նաև երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ, նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը, որոնք ներառում են շարժողական, խոսքի և հաղորդակցման, հուզական, սոցիալ-անձնային, իմացական, ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտները:

Տրված են նաև խմբասենյակների ձևավորման հիմնական պահանջները, թե ինչ սարքավորումներ և խաղալիքներ ու նյութեր պետք է ապահովվեն երեխայի ներդաշնակ զարգացման համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և սահմանված առողջապահական նորմերին:

Հավելենք, որ ըստ նախադպրոցական կրթության չափորոշչի` մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Ակնկալվում է, որ նոր չափորոշիչը հնարավորություն կտա վաղ մանկության զարգացման ոլորտի տարբեր մասնագետներին և ծնողներին ունենալ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության առավել ողջամիտ ու հիմնավոր ակնկալիքներ, որոնք հիմնված կլինեն ավելի չափելի արդյունքների վրա:

Նախադպրոցական կրթության չափորոշչի հանրային քննարկումը նախատեսված է մինչև մարտի 26-ը:

Comment here