ԳլխավորԼուր

Համահայկական կրթական խորհրդաժողովն ամփոփել է իր աշխատանքները

📣 «Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական խորհրդաժողովն ամփոփել է իր աշխատանքները:

✅ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի խորհրդաժողովը կազմակերպել էր առցանց՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։
Խորհրդաժողովին մասնակցել է 36 երկրի 1280 մասնակից: Աշխատանքային 7 նիստերի ընթացքում ելույթ են ունեցել 30 զեկուցողներ, իրենց տեսլականները ներկայացրել՝ 13 հյուր-բանախոսներ:

✅ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդաժողովի մասնակիցներին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանին՝ համագործակցության և աջակցության համար:
«Ժամանակակից աշխարհում նորագույն տեխնոլոգիաները միավորում են բոլորիս: Այս տարի առաջին անգամ խորհրդաժողովն անցկացվել է առցանց, և այս ձևաչափն իրեն արդարացնում է: Սպասում ենք բոլորիդ արձագանքին, գնահատականներին և հետագա քայլերի վերաբերյալ առաջարկություններին»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ խորհրդաժողովի ընթացքում հնչած որոշ առաջարկներ հնարավոր է ներառվեն ՀՀ կրթության առաջիկա տարիների զարգացման ռազմավարության նախագծում:

✅ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտը հիմնական գործունեություն է ՀԲԸՄ-ի համար: Հենց հիմնադրման տարում կազմակերպությունը ստեղծել է 88 վարժարան Օսմանյան Թուրքիայում, Ցեղասպանությունից հետո նաև Սիրիայում, Լիբանանում, Իրանում և այլն: Նրա խոսքով՝ այս դպրոցները տվել են փայլուն սերունդներ, որոնք հիմա ընդգրկված են ազգային տարբեր կառույցներում: Ըստ Պերճ Սեդրակյանի՝ հայ ինքնության պահպանությունն արտերկրում ՀԲԸՄ-ի հիմնական մտահոգությունն է, և սփյուռքահայ համայնքները միության աջակցության կարիքն ունեն: Այս իմաստով, ըստ նրա, հեռավար ուսուցումը մեծ նշանակություն ունի, և այն հնարավորություն է ընձեռում կրթությունը դարձնել հասանելի յուրաքանչյուրի համար:

✅ ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է խորհրդաժողովի մասնակիցների վերաբերյալ վիճակագրություն՝ առաջարկելով շարունակել համագործակցությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հարթակի հետ և աշխատանքային նիստ ունենալ սեպտեմբերին՝ հետագա քայլերը նախագծելու համար:

✅ Խորհրդաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկումների համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքներն առավել գործնական մակարդակում: Խորհրդաժողովին մեծ էր նաև Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Վերջիններս նշել են, որ սփյուռքի կրթական հաստատություններում կիրառվող որոշ մեթոդներ կարելի է օգտագործել նաև ՀՀ կրթական ոլորտում։

Հաջորդ խորհրդաժողովը նախատեսվում է 2022 թվականին։

Comment here