ԳլխավորԼուր

Տավուշի մարզի դիմորդների շուրջ 76,7 տոկոսն ընդունվել է բուհ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են օգոստոսի 20-ին Տավուշի մարզից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Խորհրդակցության սկզբում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Տավուշի մարզի արդյունքները:

«Ընդունելության ցուցանիշը վատ չէ՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով դիմորդների շուրջ 76,7 տոկոսն ընդունվել է (614 դիմորդից ընդունվել է 471-ը), 81 դիմորդ ընդունվել է առաջին՝ անվճար հայտով: Տավուշի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններ են ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, անգլերենը և տուրիզմը»,- ասել է նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. «Գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից: Ֆիզիկայի միջին միավորը եղել է 8,8: Հատկապես նոր չափորոշիչների փորձարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը»,- նշել է Ժ.Անդրեասյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը քննությունների արդյունքները կամփոփի նաև ըստ դպրոցների:

Հիշեցնենք, որ առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը սեպտեմբերի 1-ից փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:

Comment here