Հունիսի 7-ին Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Արցախյան պատերազմների հերոսների հիշատակի լսարանի» բացման արարողությունը՝ նվիրված հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած՝ բուհի բոլոր ուսանողներին և շրջանավարտներին:
Միջոցառմանը ներկա հերոսների ծնողներ, հարազատներ, բուհի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի ներկայացուցիչներ:
Միջոցառման մեկնարկին ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց.
«Այսօր ԲՊՀ-ում հիշատակի և մեծարման օր է: Մենք բացում ենք Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած մեր ուսանողների անվան լսարան: Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է գրեթե երկու տարի, սակայն մեր սրտերում և հոգիներում չի հնացել ո՛չ ցավը, ո՛չ կսկիծը: Հայրենիքի պաշտպանության գործում մեր համալսարանն անմասն չէր կարող մնալ և չի մնացել:
Եվ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների թվում են մեր հինգ ուսանողները:
Հիշենք նրանց անուն առ անուն՝ Արամյան Անանիա, Ավետիսյան Հրաչիկ, Ավետյան Վարդան, Բրսոյան Գագիկ, Մովսիսյան Հովհաննես:
Այս քաջ տղաներից յուրաքանչյուրը հերոսապատում կերտած մարտիկ է: Նրանք տարբեր էին իրենց էությամբ, բնավորությամբ, բայց նույնն էր նրանց ապրելու բանաձևը, նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և պետություն»,-մասնավորապես ասաց նա:
Ռեկտորի խոսքին հաջորդեց զոհված տղաներից յուրաքանչյուրի վերաբերյալ պատմող կարճ տեսանյութի ցուցադրությունը, ապա հայրենասիրական կատարումներով հանդես եկան ԲՊՀ ուսանողներ:
Հավելենք, որ «Արցախյան պատերազմների հերոսների հիշատակի լսարան»-ում կան առանձնացված ցուցատախտակներ՝ հերոսների լուսանկարներով, նրանց պատկանող և նկարագրող իրերով: