Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ապագա ռազմական բժշկի ուղին կիսատ մնաց՝ վիրավորին օգնության շտապելու ճանապարհին

Բժշկական համալսարանի անմահացած մերօրյա հերոսներին միացավ Արամ Ստեփանյանը, որը Ռազմաբժշկական ֆակուլտետ էր ընդունվել՝ հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով: «Այդպես էլ զորակոչվեց բանակ. ծառայությունն անցնում էր Ջրականի զորամասում»,- պատմում է ՌԲՖ շրջանավարտ, Վարդենիսի  հրենտանային գնդի ռազմական բժիշկ Վարդան Վարդանյանը, որը Արամի հետ շուրջ 6 տարի ապրել է ուսանողական հանրակացարանում:

Նկարագրելով կուրսընկերոջը՝ նշում է՝ Արամն իր էությամբ հոգատար, ընկերասեր, իր խոսքը գործով ապացուցող անհատ էր: Նա ֆիզիկապես շատ ուժեղ էր, սիրում էր շախմատ և ֆուտբոլ խաղալ:

«Բժշկի մասնագիտությունը պատահաբար չէր ընտրել. միշտ ասում էր, որ մարդկանց օգնելն իր համար հպարտություն է, իսկ ռազմական բժշկի բարդ ուղին՝ պարտքի զգացում հայրենիքի նկատմամբ»,- հիշում է Վարդան Վարդանյանը՝ ավելացնելով, որ Արամն անմացորդ նվիրումով էր անում այն գործը, որն իրեն վստահվում էր:

Ինչպես նշում է կուրսընկերը, 2020թ. սեպտեմբերի 22-ին, իր հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ մերօրյա հերոսը պատմել է, որ ցանկություն ունի տեղափոխվել հետախուզության վաշտ՝ ծառայությունն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով:

«Հարազատներն Արամի հետ վերջին անգամ կապ են հաստատել պատերազմի առաջին օրերին: Արամի ավագ եղբայրն այդ ընթացքում նույնպես Ջրականում է կռվել ու մինչև պատերազմի ավարտը փնտրել է նրան»,- ընդգծում է ՌԲՖ շրջանավարտը՝ ավելացնելով, որ Արամի զինակից ընկերներից մեկը, որին նա, կրակի տակից դուրս բերելով առաջին բուժօգնություն է ցուցաբերել, պատմել է, որ Արամը գնացել է մյուս վիրավորին օգնելու և հետ չի վերադարձել. զոհվել է իր ընտրած մասնագիտությանը հավատարիմ մնալով՝ պարտքը կատարելիս:

Արամ Ստեփանյանը բազմաթիվ ցանկությունների շարքում առանձնացնում էր վնասվածքաբանի մասնագիտացում ձեռք բերելու նպատակը, որը պետք է իրականություն դարձներ բժշկական կրթությունն ավարտելուց հետո:

Բժշկական բուհի անմահացած հերոսը հանրակացարանում մի ընտանիք դարձած 8 ապագա բժիշկներից մեկն էր, որն անավարտ թողեց բժիշկ դառնալու իր ուղին: «Մինչև Արամի մասունքները գտնելը՝ մեծ հավատ կար, որ նա ողջ է: Սպասում էինք, որ կվերադառնա ու կկիսվեինք մեր սխրագործություններով, բայց մեր պատմությունը կիսատ մնաց… Մենք չենք համարում, որ Արամը զոհվել է, նա միշտ կմնա մեր ընկերը»,-եզրափակում է Վարդան Վարդանյանը, որը պատերազմի ժամանակ ռազմական բժշկի իր առաքելությունն իրականացրել է Քարվաճառում:

Comment here