Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

«Մերօրյա հերոսները». Կարո Հովագիմյան

Կարո Հովագիմյան

Բժշկական համալսարանում օրեր առաջ բացված՝ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակին փակցված է նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կարո Հովագիմյանի անունը, տեղեկացնում են ԵՊԲՀ-ից:

Ի տարբերություն մյուս զոհված հերոսների՝ Կարոն Հայաստանում չէր ծնվել:

Հովագիմյանների ընտանիքը Սիրիայից է, 2003 թվականին են Հալեպից տեղափոխվել Երևան, երբ ընտանիքի ավագ զավակը՝ Կարոն, ընդամենը երկուսուկես տարեկան էր: Առաջին անգամ հայրենիքում է մանկապարտեզ հաճախել: 2012 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի երկրորդ կիսամյակից զորակոչվել է բանակ:

Կարոյի՝ ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվելու որոշումը պատահական չէր: Նա ցանկանում էր լրացնել հոր` Սարգիս Հովագիմյանի հիմնած ատամնատեխնիկական լաբորատորիայի գործունեությունը: Փոքր հասակից  ծանոթ է եղել այս ոլորտի նրբություններին, և երբ եկել է մասնագիտություն ընտրելու ժամանակը, որոշել է համատեղել բժշկությունն ու տեխնոլոգիաները՝ սովորել ստոմատոլոգիա:

Հայրն էլ, քաջալերել է որդուն ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Սարգիս Հովագիմյանն ընդգծում է, որ որդին ընկերասեր էր ու խաղաղասեր էր: Նա հաճախել է մարտարվեստի, կիթառի, մշտապես ուսումնական հաջողություններ է գրանցել ու բարձր միավորներով ընդունվել բժշկական բուհ:

Մեր օրերի հերոսը բուժակների ռազմական ուսումնարանում վերապատրաստվելուց հետո Ջրականի (Ջաբրայիլ) գնդում ծառայում էր որպես բուժակ:

Ծառայության ընթացքում սերժանտ Կարո Հովագիմյանը դիրքապահ գումարտակի տղաների հետ իրականացնում էր հերթապահություն: Առաջնագծում ակտիվ մասնակցել է վիրավորների տեղափոխման, բուժօգնության ցուցաբերման գործընթացին, օգնել է նորակոչիկներին:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ կապի մեջ լինելով ընտանիքի հետ՝ միշտ նշել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է, և ինքը որևէ բանի կարիք չունի: Ընտանիքի տեղեկությամբ՝ Կարոն զոհվել է Հադրութում:

Հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսը հուղարկավորվել է հունվարի 9-ին։

Comment here