Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հուշ-երեկո՝ ԵՊԲՀ ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին

Երևանի պետական բժշկական համալսարանում մարտի 19-ին անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացնում են ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունից։

«Կիմին հայրենասիրությունը փոխանցվել է ոչ թե դաստիարակության, այլ գենի միջոցով: Նա առանց վայրկյան մտածելու կամավորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին՝ «ով, եթե ոչ ես» խոսքերը շուրթերին»,- ասաց անմահացած հերոսի մայրը՝ Նարինե Միքայելյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ անմահացած հերացիականները հայրենասիրության, մարդասիրության և գթասրտության օրինակ են: Նրանք բժշկի այն կերպարներն են, որոնք պատրաստ են մարտի դաշտում պաշտպանել հայրենիքն ու ազգի արժանապատվությունը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալ ամենամարդասիրական մասնագիտությանը՝ բժշկի կոչմանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի բնորոշմամբ՝ դասախոսների և ընկերների կողմից սիրված Կիմը հայրենասիրության իրական կերպար էր: Նա ռազմաճակատ մեկնեց հայրենիքի նկատմամբ պարտքի մղումով:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած սովորողի ընկերներն ու ապագա բժիշկները նրա ծննդյան օրվա առթիվ և ի հիշատակի՝ ոչ թե սգալու, այլ նրա գաղափարներն օրինակ դարձնելու համար «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրի շրջանակում ներկայացրին մերօրյա հերոսի կողմից սիրված ստեղծագործություններն ու ռազմահայրենասիրական երգերը:

Բուհի ղեկավարը տեղեկացրեց, որ պատրաստվում է միջնորդել ԵՊԲՀ գիտական խորհրդին հաստատելու կարգ, որպեսզի կլինիկական օրդինատուրա ընդունվելու դեպքում սովորողներն անցնեն ռազմաբժշկական հատուկ կուրս: «Յուրաքանչյուր սովորող, որը ավարտում է բժշկական համալսարանը և բժշկելու իրավունք է ստանում, պետք է պատրաստ լինի թե՛ աղենտների, թե՛ ռազմական գործողությունների ժամանակ իրականացնել իր առջև դրված խնդիրները»,-ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը:

Կիմ Խաչատրյանի հիշտակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում ամփոփվեց նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից հերոսի պատվին անցկացվող զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության միջֆակուլտետային մրցույթների արդյունքները, որին մասնակցելու համար դիմել էին մեծ թվով ապագա բժիշկներ: Մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթողներն արժանացան մրցանակների:

Կիմ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 31-ին՝ արկի պայթյունի հետևանքով:

 

Comment here