Արցախյան պատերազմ-2020Գլխավոր

ԵՊԲՀ ուսանողը վիրավոր զինվորների է տեղափոխել Երևան

Բժշկական բուհում ապագա բժիշկներից շատերն իրենց ուսումնառության ընթացքում հասցրել են այնքան հմտանալ, որ ինչպես կորոնավիրուսային համավարակի, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ աչքի են ընկել բժշկին վայել կեցվածքով:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի արդեն 5-րդ կուրս տեղափոխված Հովհաննես Սարգսյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որը Երևանի շտապօգնության բրիգադի կազմում Արցախ և Վարդենիս կատարած շուրջ 35 այցի ընթացքում վիրավոր զինվորների է տեղափոխել Երևան` անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Ծնունդով արցախցի ապագա բժիշկին,  որը շտապօգնության ծառայությունում աշխատում է մոտ 5 ամիս, պատերազմի վերսկսման մասին տեղեկացրել են ընտանիքի անդամներն ու դասընկերները:

«Մասնագիտական կայացման ճանապարհին միշտ էլ գիտակցել եմ, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել ամեն ինչի»,- ընդգծում է ապագա բժիշկը:

Պատերազմի ժամանակ հանդիպած բազում դժվարությունների շարքում ամենամեծը համարում է հոգեբանական սթրեսը, որն ինչպես նշում է ԵՊԲՀ ուսանողը, իր մեջ կարողացել է հաղթահարել:

Ապագա բժիշկը որպես նեղ մասնագիտացում նախատեսում է ընտրել վիրաբուժությունը: Նրա կարծիքով` բժիշկն առաջին հերթին պետք է լինի խելացի, պատասխանատու իր ամեն մի քայլի համար, անշահախնդիր, տիրապետի բժշկության նորագույն հնարավորություններին:

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրված և անմնացորդ ծառայության համար ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով պարգևատրված ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողն այժմ շարունակում է մասնագիտանալ Երևանի Covid շտապօգնության ծառայությունում:

Comment here