ԳլխավորԼուր

Երևանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը կվերացվի

Երևանի սահմաններում, ըստ գոտիականության և ըստ տարիների, աստիճանաբար կվերացվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հարկային օրենսգրքի» փոփոխություն կատարելու նախագծին։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց` նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի 4 դեպքում` եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում (2022 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում (2023 թվականի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում (2023 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։

Նախարարը հիշեցրեց, որ այս արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի։

«Արտոնության կիրառության տարիների ընթացքում, հատկապես վերջին երկու տարիներին կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվողների քանակը կտրուկ աճել է։ Եթե 2015-17-ին ծրագրի նոր շահառուների թիվը 800 է եղել, ապա 2020-ին 5200 շահառու է եղել։ Կտրուկ աճել է պետբյուջեից մեր քաղաքացիներին վերադարձվող եկամտահարկի գումարները` 2020-ին 5.4 մլրդ դրամ»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` այժմ ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 000-ը, որոնց միայն 7 տոկոսն է բնակարաններ գնել մարզերում։ Ըստ Խաչատրյանի` օրենքի փոփոխությամբ կառուցապատման աշխատանքները կսկսեն թափ առնել Երևանից դուրս։

Comment here