ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 59 «կողմ», 22 «դեմ» ձայներ:
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում: Իսկ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: Իսկ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։