Ուսանողական բնակարանների վարձը Գերմանիայում կազմում է ուսանողի բյուջեի առյուծի բաժինը և հաճախ որոշիչ գործոն է դառնում սովորելու ապագա տեղն ընտրելիս, հայտնում է «Deutsche Welle»-ն։
Մարտի 10-ին հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն, վարձակալության գնի անհամապատասխանությունները՝ կախված տարածաշրջանից և քաղաքից, իսկապես ցնցող են: Մոզես Մենդելսոնի ինստիտուտը (MMI) WG-gesucht.de պորտալի հետ համատեղ ուսումնասիրել է այսպես կոչված «ուսանողական սենյակների» վարձակալության հայտարարությունները: Վերլուծության մեջ ընդգրկվել են գերմանական 88 քաղաքներ, որտեղ տեղակայված են համալսարանները և որտեղ ուսանողների թիվը հասնում է առնվազն 5000-ի: Ընդհանուր առմամբ, այդ քաղաքներում սովորում է գերմանական բուհերի 2,7 միլիոն ուսանողների ավելի քան 90 տոկոսը։
Պարզվել է, որ ուսանողական սենյակի վարձակալություն միջին արժեքը գերմանական բնակարանային շուկայում ամսական 493 եվրո է վերջին երեք տարիների վարձակալության գների աճից հետո։ Հետազոտողները նշում են, որ չնայած շուկան հանդարտվել է, և գները գրեթե չեն փոխվել հատկապես ուսանողների թվով ամենամեծ համալսարանական քաղաքներում, բայց ուսանողների համար դա դժվար թե մխիթարություն լինի:
Ուսանողների համար գրավիչ Բեռլինում ուսանողական մեկ սենյակի ամսական վարձը մոտ 650 եվրո է, Ֆրանկֆուրտում այն ավելի թանկ է՝ 665 եվրո։ Համբուրգում ուսանողները սենյակի համար վճարում են մոտավորապես 610 եվրո, Ֆրայբուրգում՝ ամսական 600 եվրո, Քյոլնում՝ 583 եվրո։ Ամենաթանկը Մյունխենում է՝ ընդհանուր բնակարանի մեկ սենյակի համար ամսական պետք է վճարել մոտ 800 եվրո:
Իսկ ուսանողների վարձակալության ամենացածր գներ ունեցող լավագույն 5 քաղաքներն են Դրեզդենը և Հալլեն (350 եվրո), Մագդեբուրգը (330 եվրո), Կոտբուսը (287 եվրո) և այս տարվա եվրոպական մշակութային մայրաքաղաք Քեմնիցը (265 եվրո):
Բուհերի ուսանողներին աջակցելու գերմանական ընկերությունում գների գործոնի ազդեցությունը համալսարանի ընտրության վրա անվանում են «սոցիալական ընտրության նոր ձև»:
«Ապահովված ընտանիքների ուսանողները կարող են իրենց թույլ տալ սովորել այնպիսի թանկարժեք քաղաքներում, ինչպիսին Մյունխենն է։ Ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ուսանողները նման հնարավորություն չունեն: Նրանք ստիպված են ընտրել ուսման վայրը՝ հաշվի առնելով վարձակալության արժեքը, այլ ոչ թե մասնագիտության նկատմամբ իրենց հետաքրքրութունը», — ընդգծում է կազմակերպության ղեկավար Մաթիաս Անբուլը։
Փորձագետները մատնանշում են ուսանողների, ինչպես նաև սոցիալապես խոցելի այլ խմբերի համար մատչելի բնակարան կառուցելու հրատապ անհրաժեշտությունը:
Գերմանիայում բնակչությանը մատչելի բնակարաններով ապահովելու հայեցակարգի շրջանակներում երիտասարդների համար ստեղծվել է առանձին ծրագիր՝ «Junges Wohnen»: Այն նախատեսում է ուսանողների համար հանրակացարանների արդիականացում, ինչպես նաև դրանցում նոր տեղերի ստեղծում շինարարության, ընդլայնման կամ վերակառուցման միջոցով: 2023 թվականին այդ նպատակով հատկացվել է 500 միլիոն եվրո։
Բուհերի ուսանողների աջակցության գերմանական ընկերությունը հավանություն է տալիս այս քայլերին, բայց պահանջում է Գերմանիայի նոր կառավարությունից, որը դեռ պետք է ձևավորվի, ընդլայնել բյուջեն և ավելի վճռական գործողություններ ձեռնարկել:
Իսկ մինչ այդ, բարձր պահանջարկի պատճառով, շատերը ստիպված են ուսանողական հանրակացարնների սենյակների սպասել մինչև մեկուկես-երկու տարի:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews