ԳլխավորԼուր

Ազատ ոճային ըմբիշները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը ոսկի է նվաճել Տիրանա-2025-ում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հաղթողի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը: Եզրափակչում հայ ըմբիշը 2:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիևի նկատմամբ և նվաճել ոսկե մեդալը: Միքայելյանը մեկնարկում երկու հաղթանակ էր տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների նկատմամբ, և դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 11:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակիչ գոտեմարտում զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մուխամեդ Խանիևին։ Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ հաղթել էր Բելառուսի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում էլ նա 10:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:

Բրոնզե մեդալ է նվաճել 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը՝ վճռորոշ գոտեմարտում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով լեհ Միխայիլ Դուբովսկու նկատմամբ: Խաչատրյանը ևս պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ հաղթել էր Վրաստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում, սակայն, Խաչատրյանը զիջել էր Ուկրաինայի ներկայացուցչին:

Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 65 կգ քաշային Հայկ Աբրահամյանը, սակայն զիջել է Ֆրանսիայի ներկայացուցչին:

Հայաստանի թիմը՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, մեդալային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը։

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ), Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Արծաթե մեդալակիր Կնյազ Իբոյան, ըմբշամարտ (Տիրանա, 10 մարտի, 2025)Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզ է նվաճել Տիրանա-2025-ումԸմբիշ Լևիկ Միքայելյանը ոսկի է նվաճել Տիրանա-2025-ում

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը

Ըմբիշ Լևիկ ՄիքայելյանըԱրծաթե մեդալակիր Կնյազ Իբոյան (Տիրանա, 10 մարտի, 2025)