ԳլխավորԼուր

Միակ հնարավոր տարբերակն էր. նախարարը՝ ԲՊՀ ռեկտորի մասին

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը կառավարության համար այս պահին միակ հնարավոր տարբերակն է եղել։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ռեկտորի ընտրության արդյունքները դատական կարգով վիճարկվում են, ինչը նշանակում է, որ կառավարությունն այս պահին վարվել է միակ հնարավոր ձևով։ Ներկայում ժամանակավոր եռյակ խորհուրդ է ձևավորվել, և պաշտոնակատարի նշանակմամբ ընդամենը նպատակ ունենք ապահովել բուհի բնականոն գործունեությունը»,– ասաց Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Դրանից հետո բուհում դասադուլ ու գործադուլ սկսվեց, որից հետո երեկոյան ԿԳՄՍ նախարարը Գյուրջինյանի հետ այցելեց ԲՊՀ՝ նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնելու համար։

Վ. Բրյուսովի անվան համալասարանում դեռևս նախորդ տարվա  հոկտեմբերից դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԿԳՄՍՆ  այն նախաձեռնությունից հետո, ըստ որի՝  բուհը պետք է միավորվեր Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին: Բողոքի ակցիաներից հետո  միավորման հարցն առկախվեց: Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին էլ  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց` հաղթելով Դավիթ Գյուրջինյանին:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։

Արդեն այս տարվա հունվարի 31-ին  հայտնի դարձավ, որ համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։