ԳլխավորԼուր

Կրթության մինչև 2030 թ.-ի զարգացման գործողությունների պլանը հաստատվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Պետական բուհերի թիվը մինչև 2030թ-ը կհասցվի 8-ի։ Այս մասի այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։

«Խոսքը պետական ֆինանսավորմամբ բուհերի մասին է (հիմա 23-ն են-խմբ.)։ Դրանց թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական–հետազոտական ուժեղ բաղադրիչներ արվեն։ Կստեղծվի ակադեմիական քաղաք` որպես որակյալ կրթության ու գիտության արդիականացման ենթակառուցվածք։ Նախատեսվում է, որ այս ուղղությամբ արվող գործողությունների արդյունքում մեր 4 բուհեր առնվազն ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում»,– ասաց նախարարը։

Իսկ խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի։ Բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն կստանան օգտվել դպրոցական սննդի ծրագրից։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ուսումնարաններում և քոլեջներում նախատեսվում է ներդնել մասնավոր ոլորտի մասնագետների ներգրավման ճկուն մեխանիզմներ. գործնական դասավանդման նպատակով կստեղծվի 10 ռեսուրսային կենտրոն բոլոր մարզերում, քոլեջների կառավարումը կիրականացվի մասնավորի հետ համատեղ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեթոդաբանությամբ, որի փորձն արդեն առկա է:

Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագրի կատարման պլանը։