ԳլխավորԼուր

«Մեր դուխները չկոտրեք, որ դուխով գնանք բանակ». դիմորդները շարունակում են պայքարը

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց էին (որտեղ ոստիկանները պատ էին կազմել) եւ շարունակում էին բողոքի ակցիան:

Դիմորդներից մի քանիսն ակցիային մասնակցում էին զինվորական համազգեստով:

«Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- ասաց դիմորդներից մեկը:

Հիշեցնենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց եւ պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցը։ Իրավապահները բերման ենթարկեցին ակցիայի 2 մասնակցի, որոնք ժամեր անց ազատ արձակվեցին։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին՝ բուհերի ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:

«Մեր պայքարը շարունակվելու է»,- շեշտեցին դիմորդները։

Որոշվեց, որ նրանք հավաքվեն դիմացի այգում՝ հետագա անելիքները որոշելու համար։ Մինչ այդ ԿԳՄՍ նախարարության առջեւ դիմորդները երգեցին «Ով հայոց մայրեր» երգը եւ «Հաղթելու ենք» վանկարկելով՝ հեռացան այդտեղից։

Comment here