ԳլխավորԼուր

«Մենք ուզում ենք սովորել». դիմորդները կրկին ԿԳՄՍՆ շենքի մոտ են

Բուհ չընդունված դիմորդները այսօր կրկին հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:

Ակցիայի կազմակերպիչ, դիմորդներից մեկի ծնող Մասիս Բաբալյանը հորդորեց հավաքվածներին պահել սոցիալական հեռավորություն եւ հանգստություն։

Դիմորդները հանդիպում են պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ եւ պարբերաբար վանկարկում. «Մենք ուզում ենք սովորել»։

Չնայած ոստիկանների անհամաձայնությանը՝ դիմորդները կարողացան անցնել շենքի ստվերոտ մաս։

Նրանք մեկ անգամ եւս շեշտեցին, որ իրենց պայքարը զուտ քաղաքացիական է, այլ ոչ՝ քաղաքական։

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների անցկացման նոր կարգից։

7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավելի միավոր ստացած շատ դիմորդներ՝ ոչ, քանի որ այս տարի առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Հավելենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփեց ընդունելության քննությունների արդյունքները։

Հիշեցնենք նաեւ, որ դիմորդների մի մասի անունից իրավաբանական խումբը պատրաստվում է դիմել ՍԴ եւ ՄԻԵԴ։

Comment here