ԳլխավորԼուր

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ամփոփել է 2 տարվա գործունեությունը

Ամփոփվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա աշխատանքը Հայաստանի և Արցախի գյուղական դպրոցներում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունը սկսել է 2013 թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության (նախկինում՝ ՀՀ կրթության և գիտության) հետ համագործակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին մասնակցած և Հայաստանի, Արցախի համայնքների և համայնքներում կրթության զարգացմանը 2 տարի նվիրաբերած ուսուցիչներին ու ընդգծել. «Դուք բացառիկ առաքելություն եք իրականացրել, որն անչափ կարևոր է այն երեխաների կյանքում, որոնց հետ աշխատել եք: Այդպիսով դուք դարձել եք պետականաշինության, հանրային կյանքի զարգացման, մեր երկրի առաջընթացի առաջամարտիկները»:

Շնորհավորելով ողջ թիմին՝ փոխնախարարը նշել է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը կոչված է մարդկանց կյանքում փոփոխություն բերելու. փոխելով դպրոցը՝ կերպարանափոխվում է նաև համայնքը: Նա նաև հույս է հայտնել, որ առաջնորդ-ուսուցիչներից շատերը կշարունակեն կարիերան մանկավարժության ոլորտում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն անդրադարձել է համավարակի և պատերազմի պայմաններում իրենց գործունեությանը՝ փաստելով. «Դժվարությունները ձեզ չկանգնեցրին ու ավելի մեծ հավատով շարունակեցիք ձեր գործը»:

Ուսուցիչ-առաջնորդների ավարտական միջոցառումը կոչվում էր «Նավասարդ»՝ որպես հայկական տոմարի առաջին ամիս: Անվանումը կրում էր նաև աշնանային բերքահավաքի տոնախմբությունների խորհուրդը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Նավասարդը հռչակել է իր բերքահավաքի տոն, իսկ բերքահավաքն այն բոլոր հնարավորություններն են, որոնք ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ ձեռք են բերել աշակերտները: Այսպիսով, ուսուցիչ-առաջնորդների 2 սերունդ՝ շուրջ 100 ուսուցիչ դարձել են շրջանավարտ-դեսպանների համայնքի անդամ:

Արդեն շրջանավարտ-դեսպան դարձած ուսուցիչները թեև կարոտով, բայց մեծ ոգևորվածությամբ էին խոսում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում իրենց մանկավարժական գործունեության, աշակերտների հետ աշխատանքի, դրա կարևորության և առաջիկա անելիքների մասին:

Comment here