ԳլխավորԼուր

Մանկավարժականը ռեկտորի նոր պաշտոնակատար ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի անդամներին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ Աշոտ Խոեցյանի նշանակումը կատարվել է ՀՊՄՀ կառավարման ժամանակավոր խորհրդի որոշմամբ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Միրզախանյանին կատարած աշխատանքի համար և կարևորել նրա ներդրումը բուհի զարգացման գործում:

«Աշոտ Խոեցյանին ներկայացնելու կարիք չկա, նա արդեն երկար տարիներ է՝ աշխատում է ՀՊՄՀ-ում: Ակնկալում եմ, որ Ձեզ նման սկզբունքային մասնագետը կհաջողի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ռեկտորի նոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի անհրաժեշտ ջանքերը ՀՊՄՀ լավագույն ավանդույթների պահպանման համար. «Չափազանց կարևորում եմ բուհի ներկայիս արդյունքների և բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը: Սա ինձ համար առաջնահերթ խնդիր եմ համարում: Համոզված եմ՝ աշխատակազմի հետ նվիրված աշխատանքի արդյունքում կպահպանենք ՀՊՄՀ-ի՝ վերջին տարիների լավագույն ավանդույթները և կքայլենք ժամանակակից կրթության պահանջներին համընթաց»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՊՄՀ զարգացման հեռանկարները, բուհական համակարգում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Հավելենք, որ ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պաշտոնավարում էր 2011 թվականից։

Comment here