ԳլխավորԼուր

Քրեական վարույթներ՝ ԲՊՀ ռեկտորի ընտրության «առիթով»

Գլխավոր դատախազություն

2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանություն) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Բացի այդ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ:

Նշված քրեական վարույթներով, դատախազական հսկողությամբ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների 8 դեմ, 12 կողմ հարաբերակցությամբ ԲՊՀ ռեկտոր էր վերընտրվել Կարինե Հարությունյանը։