ԳլխավորԼուր

ՊԵԿ-ը «հարսանիք» է արել ու տուգանել «Պոնչին» ու այլոց

Տարոն Իսպիրյան (Պոնչ) և Թամարա Պետրոսյան

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։

Այդ նպատակով՝

— ավտովարձույթի ծառայություններ մատուցող «Միլենիում սվիթ» ՍՊԸ-ից պատվիրվել է չորս ավտոմեքենա, ընդհանուր 860 000 ՀՀ դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է  500 000 ՀՀ դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ:

«Մոն ամի» ֆիրմային անվամբ ծաղիկների վաճառքով և դիզայնով զբաղվող «Մոնամի» ՍՊԸ-ից պատվիրվել է 3 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար վճարվել է 1 000 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 990 656 ՀՀ դրամ:

«Ագնես քեյկս» ֆիրմային անվամբ հարսանյաց տորթերի պատրաստման և վաճառքի գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 100 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 825 320 ՀՀ դրամ:

«Go travel» ֆիրմային անվամբ, տուրիստական գործունեությամբ զբաղվող «ՄԻԼԱՄԱՔՍ» ՍՊԸ-ից պատվիրվել է տուրիստական ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ 2 575 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից 500 000 ՀՀ դրամը, որպես կանխավճար, վճարվել է կանխիկ եղանակով` առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 735 ՀՀ դրամ:

«Grace Bridals» ֆիրմային անվամբ հարսի զգեստի վարձույթով և վաճառքով զբաղվող «Ալյուր» ՍՊԸ-ի հարսանյաց հագուստի սրահում պատվիրվել է 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարվել է 100 000 ՀՀ դրամ կանխավճար, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել ՀԴՄ կիրառության պահպանման կանոնները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 150 ՀՀ դրամ:

— Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան (Պոնչ -խմբ.) և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։  Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ 2022-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, համաձայն որի, պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ եղանակով, իսկ 300 000 դրամը գերազանցող գործարքները բացառապես անկանխիկ պետք է իրականացնեն նաև քաղաքացիներն ու անհատ ձեռներեցները։