Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
«Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն` աշխատավարձ և այլն, ինքը որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Վերջնաժակետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել»,– առաջարկվող փոփոխությունը ներկայացրել է Թունյանը։
Պատգամավորի խոսքով` այս դեպքում հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի։ Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ՊԵԿ-ին անհասանելի այլ եկամուտներ ունի, և ինքը պետք է դա հայտարարագրեր:
Պատգամավորը հավելել է, որ այն քաղաքացիները, որոնք հայտարարագիր լրացնելով ցանկանում են օգտվել պետության կողմից տրամադրվող սոցիալական երաշխիքներից` կրթական, առողջապահական ոլորտներում 100 հազար դրամի շրջանակում կատարված ծախսերի դիմաց փոխհատուցումից, ապա անպայման պետք է իրենք լրացնեն և չթողնեն ինքնաշխատ տարբերակի։
«Քանի որ ՊԵԿ–ը քաղաքացու փոխարեն ինքնաշխատ է լրացնելու, պետք է ընդալայնենք ՊԵԿ գործիքակազմը։ Քաղաքացու կողմից համաձայանություն տալու դեպքում ՊԵԿ–ը կարող է բանկերից ստանալ ավանդներից ստացած եկամուտների մասին տվյալներն ու ինքնաշխատ լրացնել։ Եթե քաղաքացին չի ցանկանում, ապա ինքն է մտնում և ավելացնում»,– ընդգծեց Թունյանը։
Նախագծի փոփոխությունները, ըստ Բաբկեն Թունյանի, կփորձեն ԱԺ բերել արտահերթ նիստով, որ հնարավոր լինի այն ընդունել մինչև այս տարվա նոյեմբերի 1–ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



