ԳլխավորԼուր

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է բուհի ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը:

«Հերթական ապօրինությունը նախարարության կողմից։ Թքած ունենալով բուհի կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան համալասարանում դեռևս նախորդ տարվա  հոկտեմբերից դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԿԳՄՍՆ  այն նախաձեռնությունից հետո, ըստ որի՝  բուհը պետք է միավորվեր Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին: Բողոքի ակցիաներից հետո  միավորման հարցն առկախվեց: Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին էլ  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց` հաղթելով Դավիթ Գյուրջինյանին:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։

Արդեն այս տարվա հունվարի 31-ին  հայտնի դարձավ, որ համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։