Հայտնել էինք, որ Հայաստանի արդարադատության նախարարի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը, իսկ ԲՊՀ-ի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ժամանակավոր խորհրդի ստեղծումը կվիճարկեն դատարանում: Իսկ կոնկրետ ո՞ր հարցերն են վիճարկվելու դատարանում և ի՞նչ փաստարկներ է ներկայացնելու բուհը:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանը Usanogh.am-ին տեղեկացրեց, որ ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկեն նախ բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամների՝ 2022-ի դեկտեմբերին ներկայացրած հրաժարականների հարցը, ապա համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի` աշխատանքից ազատման հարցը:
«Դեկտեմբերի 30-ին հոգաբարձուների խորհրդի անդամ կառավարության ներկայացուցիչներն ու ԿԳՄՍ ոլորտի մարդիկ, որոնք կառավարության ներկայացուցիչների ազդեցությամբ են առաջնորդվում, միաձայն դիմում գրեցին և հրաժարական տվեցին, որպեսզի խորհուրդը լուծարվի: Բայց մենք չենք համարում, որ խորհուրդը լուծարվել է, քանի որ դա արվել է փնթի և անօրինական ձևով: Իրենք ճիշտ չեն կազմակերպել այդ գործընթացը, անհարկի շտապել են: Դիմումներից 3-ը գրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով, 7-ը` Ժաննա Անդրեասյանի»:
Պրոռեկտորը շեշտում է` մյուս հարցը, որ պետք է վիճարկեն, Համբարձում Մաթևոսյանի` համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունների դադարեցման հարցն է.
«Համբարձում Մաթևոսյանը ազատման դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն դիմում գրելը դեռ աշխատանքից ազատվելու համար հիմք չէ: Դիմումը գրելուց հետո պետք է հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրվեր և քննարկվեր Մաթևոսյանի լիազորությունների դադարեցման հարցը, անցկացվեր քվեարկություն, ինչը տեղի չի ունեցել: «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածն է դա պահանջում: Մինչդեռ կա դիմում, չկա որոշում: Եթե նիստով հաստատեին Համբարձումյանի լիազորությունների դադարեցման հարցը, պետք է ընտրեին նոր նախագահ, և հոգաբարձուների խորհրդի 10 անդամները հրաժարականի դիմումները պետք է ներկայացնեին այդ նախագահին, ապա կրկին նիստի շրջանակում քննարկեին այդ անդամների լիազորությունների դադարեցման հարցը: Ստացվում է` և´ դիմումներն են սխալ գրել, և´ ալարել են նիստ հրավիրել»:
Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան համալասարանում դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԿԳՄՍՆ այն նախաձեռնությունից հետո, ըստ որի՝ բուհը պետք է միավորվեր Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին: Բողոքի ակցիաներից հետո միավորման հարցն առկախվեց: Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին էլ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Արդեն այս տարվա հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։