Մարտի 10-12-ը կայացած «ԴիջիԹեք-2022» ամենամյա ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունեցավ Երևանի պետական համալսարանն իր մի քանի ստորաբաժանումներով։ Այցելուները բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում ինչպես գիտական ասպարեզում ԵՊՀ ձեռքբերումների, այնպես էլ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի նկատմամբ, հայտնում են Մայր բուհից:
ԵՊՀ տաղավարում ներկայացան կենսաբանության, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները, ֆարմացիայի և ֆիզիկայի ինստիտուտները, «AI Lab» արհեստական բանականության լաբորատորիան։
ԵՊՀ տաղավարի շուրջ այցելուների ցուցաբերած մեծ հետաքրքրությունն ու ակտիվությունը պահպանվեցին ցուցահանդեսի բոլոր օրերին։ Նրանք հնարավորություն ունեցան VR (վիրտուալ իրականության) ակնոցի միջոցով տեսնելու ԵՊՀ գիտնականների նախապես կատարած գիտափորձերը, ծանոթացան համալսարանի առաջարկած կրթական ծրագրերին, բուհում կրթության կազմակերպման գործընթացին, լաբորատոր սարքավորումներին ու դրանց ընձեռած հնարավորություններին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Այցելուներին հատկապես տպավորեցին ԵՊՀ գիտնականների պատրաստած՝ ջրածնի ցածր կոնցենտրացիաներ հայտնաբերող նանոկառուցվածքային սենսորները, քիմիկոսների ներկայացրած նյութաստեղծման գործընթացը, մեքենայական ուսուցման նորագույն նվաճումները, հոգեբանների անցկացրած թեստերն ու կատարած վերլուծությունները։ Ներկաները ականատես եղան, թե ԵՊՀ կենսաբաններն ինչպես են ֆազակոնտրաստային մանրադիտակով ուսումնասիրում կենսաբանական նմուշները։ Այդ ամենից զատ` համալսարանականները գունաչափման մեթոդով դիտարկեցին հայկական տարբեր դեղաբույսերի ու բույսերի հակաօքսիդանտային և հակառադիկալային հատկությունները:
Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նաև ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի նկատմամբ՝ ուղղելով հարցեր դպրոցի ընդունելության, դասապրոցեսի կազմակերպման, կրթական ուղղվածության, առարկայացանկի և առարկայական ծրագրերի, դասավանդողների և այլ թեմաների վերաբերյալ: Երևանի պետական համալսարանը, լինելով «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի խորհրդի անդամ, ՍԹԵՄ դպրոցը ներկայացնում էր այդ ծրագրի տաղավարում: