ԳլխավորԼուր

ԵՊՀ օրգանական քիմիայի լաբորատորիան կհամալրվի նոր սարքավորումներով

Քիմիայի լաբորատորիա

ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի օրգանական քիմիայի լաբորատորիան կվերազինվի տասը նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան գեներացնելու ավելի որակյալ, արագ և ժամանակակից տվյալներ՝ բարելավելով գիտական հետազոտությունների արդյունքները և լաբորատորիայի գործունեությունը, հայտնում են ԵՊՀ-ից:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում ձեռք կբերվեն սարքավորումներ, որոնք կկիրառվեն օրգանական սինթեզ կատարելու, ինչպես նաև ցածրաջերմաստիճանային ասիմետրիկ կատալիտիկ գործընթացներն ուսումնասիրելու և ստացված ասիմետրիկ արգասիքները բնութագրելու համար:

Անդրադառնալով լաբորատորիայի վերազինման կարևորությանը՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, ք․գ․թ․, դոցենտ Արմեն Գալստյանը շեշտեց.

Արմեն Գալստյան
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, ք․գ․թ․, դոցենտ Արմեն Գալստյան

«Լաբորատորիայի վերջին «ծանրակշիռ» վերազինումը տեղի է ունեցել մոտ 20 տարի առաջ. առօրյա աշխատանքային այդ սարքավորումները արդեն մաշվել են և ներկայում ենթակա չեն օգտագործման, այդ իսկ պատճառով բազային նոր սարքավորումներով համալրումը խիստ անհրաժեշտություն էր»:

Լաբորատորիան ձեռք կբերի 3 տեսակի տաքացումով մագնիսական խառնիչներ՝ տարբեր ծավալի նյութեր խառնելու և տաքացնելու համար, էլեկտրոնային և էլեկտրոնային անալիտիկ կշեռքներ՝ որոշակի ճշգրտությամբ նյութեր կշռելու համար, ռոտորային գոլորշիացուցիչ և դրան համակցվող ջրային վակուում պոմպ, որոնք նախատեսված են նյութի գոլորշիացման համար, քարշիչ պահարան՝ անվտանգ աշխատանքի համար, ինչպես նաև մինչև -80°C սառեցման հզորությամբ չիլեր՝ 24 ժամ և ավելի տևողությամբ ցածրաջերմաստիճանային ասիմետրիկ կատալիտիկ գործընթացները ուսումնասիրելու համար, գազային քրոմատոգրաֆիայի ասիմետրիկ քիրալային աշտարակների հավաքածու՝ այդ գործընթացների արդյունքում ստացված ասիմետրիկ արգասիքների բնութագրման համար:

Արմեն Գալստյանը նշեց, որ մինչև -80°C սառեցման հզորությամբ չիլերը հրաշալի ձեռքբերում է լաբորատորիայի համար:

«Այժմ ունենք -30°C սառեցման համակարգ, սակայն այն միացած է ռոտորային համակարգին և նախատեսված չէ գիտափորձ կատարելու համար, իսկ նոր չիլերը մեզ հնարավորություն կտա ավելի ցածր ջերմաստիճաններում և ավելի երկար ժամանակահատվածում ռեակցիաներ ուսումնասիրելու, ինչը շատ կարևոր է հետազոտական ճշգրիտ արդյունքներ ունենալու համար»,- ասաց Ա. Գալստյանը:

Քիմիայի ֆակուլտետի փոխդեկանն ընդգծեց, որ ֆակուլտետում գիտական և ուսումնական գործընթացները փոխկապակցված են: Նոր սարքերը կկիրառվեն դասավանդվող որոշ առարկաների, ինչպես նաև ուսանողների մագիստրոսական թեզերի և այլ հետազոտությունների շրջանակում գիտական աշխատանքներ կատարելու նպատակով: Ուստի, սարքերից օգտվելու հնարավորություն կունենան ինչպես գիտնականները և գիտաշխատողները, այնպես էլ ուսանողները:

Նշենք, որ սարքավորումներով վերազինումը հնարավորություն կտա նախագծելու և կատարելու գիտական նոր հետազոտություններ, ինչպես նաև դրանց արդյունքները տպագրելու միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում՝ նպաստելով ԵՊՀ ռազմավարական կարևոր առաջնահերթություններից մեկին՝ բուհի միջազգայնացմանը: