Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մոմավառություն ԵՊՀ-ում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանական ուսանողների

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը և ՈՒԽ-ն այսօր նախաձեռնել և իրականացրել են մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանական ուսանողների։ Այս մասին տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Մեկ րոպե լռությամբ հարգելով հերոսացած ու անմահացած համալսարանականների հիշատակը՝ ուսանողներն անուն առ անուն ընթերցեցին նրանց անունները և վառվող մոմ դրեցին նրանց լուսանկարների առաջ:

Մոմավառությանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև զոհված համալսարանականների ընտանիքների անդամներ:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցած մոմավառությունից հետո մասնակիցներն այցելեցին Եռաբլուր և ծաղիկներ խոնարհեցին հերոս համալսարանականների շիրիմներին:

Հավելենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ:

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, ԵՊՀ առաջին կամավորական ջոկատը համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:

Comment here