ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արման Մալխասյանը, Արթուր Իսրայելյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը,  համալսարանի ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ այսօր բարձրացել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Համալսարանականները ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի դիմաց և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը նշել է, որ հատկապես հիմա հայ ժողովուրդը պետք է վերաիմաստավորի Ցեղասպանության խորհուրդը. «Այն թյուրըմբռնումները, որոնք կան, և այն դիսկուրսը, որը կարծես թե առաջանում է, պատմության դասերը չսերտելու հետևանք է»:

Լ․ Հովսեփյանի խոսքով, վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններից, մասնավորապես՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ ժողովուրդը պետք է լավագույնս սերտի Հայաստանի անվտանգությանը խոչընդոտող դասերը:

Նշենք նաև, որ Երևանի պետական համալսարանը կազմակերպում է Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ և այլ նմանօրինակ միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Ապրիլի 23-ին Մայր բուհի ուսանողական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են ամենամյա ջահերով երթին. նրանք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից Թուրքիային դատապարտող տարբեր վանկարկումներով քայլել են դեպի Ազատության հրապարակ, այնուհետև այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Comment here