ԳլխավորԼուր

ԵՊՀ–ի շենքը հյուրանոցի չի վերածվի. ԿԳՄՍ նախարար

ԵՊՀ շենք

Ակադեմիական քաղաքը հիմնելուց հետո Երևանի պետական համալսարանի շենքը կմնա որպես ԵՊՀ–ի շենք, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով լուրերին, թե նպատակ ունեն ԵՊՀ–ի շենքը հյուրանոցի վերածել։

«Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն հասնում է գործնական փուլ. քննարկվում է այն տարբերակը, որ եղած բուհերի հենքի վրա պետք է ստեղծվեն նոր բուհեր, այլ ոչ թե բուհերը պետք է միավորվեն։ Երևանի պետական համալսարանի շենքը կմնա որպես ԵՊՀ–ի շենք։ Դասապրոցես կլինի, թե ադմինստրատիվ շենք կլինի` հետո պարզ կլինի։ Որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է. լուրջ մարդկանցից չեմ լսել, թե ԵՊՀ–ի շենքը կդառնա հյուրանոց»,–ասաց Դումանյանը։

Դումանյանը նշեց նաև, որ որևէ շենք չի կարող դատարկ մնալ, այսինքն` եթե շենքը չեն օգտագործելու, ինչո՞ւ պետք է այն մնա։

«Եթե մենք հին բնակարան ենք ունենում և նորն ենք գնում, հինն ի՞նչ ենք անում` այն վաճառում ենք։ Այսինքն` դատարկ մնացող շենքերը կանցնեն պետգույքի կառավարմանը, և դրանք կտնօրինեն` ինչպես նպատակահարմար կգտնեն»։

Նախարարը տեղեկացրեց, որ Երևանում 12 պետական բուհ կա, և նախարարության նպատակը` ստեղծել մինչև 8 պետական բուհ, ՀՀ–ի համար փոքր թիվ չէ։

Հավելենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի ժամանակ նշվել է, որ գործադիրը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Մտադրություն կա բուհերի խոշորացման գնալ, ինչի արդյունքում 8 պետական բուհ կլինի, որոնք ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։