ԳլխավորԼուր

ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվել է հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարան

Վահագն Թումասյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավորներ, Վահագն Թումասյանի ընտանիքի անդամները, ծառայակից ընկերներն ու հարազատները, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Միջոցառման սկզբում հնչեց տերունական աղոթքը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետև ներկաներին ողջունեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Վերջինս ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով իրականացնել զոհվածների պատգամն ու զարգացնել հայրենիքը:

2019 թվականին Վահագն Թումասյանն ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ Հայաստանի և հարակից երկրների պատմության մասնագիտությամբ: Նա փայլուն տիրապետում էր թուրքերենին և ադրբեջաներենին, ակտիվ մասնակցում այդ լեզուների ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքներին:

Ելույթի վերջում Էդիկ Մինասյանը նշեց, որ ֆակուլտետը երբեք չի մոռանա նաև ֆակուլտետի մյուս զոհված հերոսներին, որոնց անուններն ու լուսանկարները Վահագն Թումասյանի անվան կողքին են:

Ելույթով հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Վահագն Թումասյանին անձամբ ճանաչելու բախտ է ունեցել՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում. «Այդ ծրագրի շրջանակում նա իրեն դրսևորել է ոչ միայն որպես փայլուն ուսանող, այլև հիանալի կազմակերպիչ, որը հնարավոր ամեն ինչ արել է՝ կրթական ծրագիրն ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար»:

Դեկանի խոսքով, Վահագն Թումասյանը հայրենասիրության քայլող օրինակ էր, հայ սպային ընդօրինակելու արժանի դասական կերպար:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Վահագնի հայրը՝ Արամ Թումասյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Պատմության ֆակուլտետի ղեկավարությանը՝ լսարանը որդու անունով կոչելու նախաձեռնության համար, ապա պատմեց որդու կարճ կյանքի հետաքրքրական դրվագներից մի քանիսը. «Վահագնը մեր ընտանիքի ազնվազարմ շառավիղներից էր, մեր հպարտությունը, որը կատարեց իր պարտքը հայրենիքի առջև՝ հանուն իր գործի մնայունության»:

Հիշելով որդուն՝ Արամ Թումասյանը նշեց, որ որպես հետախույզ՝ որդին գաղտնապահ ու գործին նվիրված մարդ էր, շատ բան գիտեր հայի ու հայրենիքի մասին, բայց խստորեն հետևում էր հետախույզի գաղտնապահությանը:

Միջոցառման վերջում ելույթով հանդես եկան նաև հերոսի մտերիմներն ու հարազատները:

Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ թշնամու հրթիռակոծության հետևանքով, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Comment here