2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից ԵՊՀ կրթական ծրագրերում կներդրվեն «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացները, իսկ ԵՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմը կվերապատրաստվի «Քննադատական մտածողություն» թեմայի շրջանակում։ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ հայտարարվել է նշյալ դասընթացների և վերապատրաստման ծրագրի մրցույթ, որի հաղթողներն արդեն իսկ ընտրվել են:
Մրցույթի կանոնների համաձայն՝ «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացների ներդրման համար ընտրված թիմը պետք է մշակի և իրականացնի ամբողջական դասընթացի ծրագիր՝ մեկ կիսամյակ տևողությամբ և շաբաթական մեկ հանդիպում հաճախականությամբ: «Քննադատական մտածողություն» թեմայով ԵՊՀ ակադեմիական (դասախոսական) և վարչական անձնակազմի համար վերապատրաստման մեկ ծրագրի պարագայում հաղթող թիմը պետք է մշակի և իրականացնի ԵՊՀ 200 աշխատակիցների վերապատրաստում:
Նշենք, որ ԵՊՀ դասախոսների վերապատրաստման 2023-2026 թթ. կարգի «Ընդհանրական հմտություններ» բաժնում սահմանված է, որ վերապատրաստման արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան հավաքելու որոշակի միավորներ։