ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում անվճար թափուր տեղեր կան․ ընդունելությունը բուհերում շարունակվում է. «Ռադիոլուր»

Բուհական ընդունելությունը շարունակվում է։ «Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով անցկացվող քննությունները վերահաստատում են ամենապահանջված բուհերի ու  մասնագիտությունների ցանկը, թեպետ անգամ այս ցանկում շատ թափուր տեղեր են մնացել։  Միայն Մայր բուհում թափուր տեղեր կան ավելի քան 30 մասնագիտություններով, տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն։

Ընդունելության քննությունները շարունակվում են, և ոլորտի պատասխանատուներն այս փուլում դժվարանում են ասել, թե որքանով է արդարացված «Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» ձևաչափը։ Հայտնի է միայն, որ  թե 2020-ին, թե  2021-ին ընդունելության քննությունների առարկայական միջինը հիմնականում նույնն է, ինչը որոշակի կայունություն է խոստանում, -նկատում է ԿԳՄՍ ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը

«Հիմնական փուլի անցկացումից և մրցույթի հրապարակումից հետո պարզ կդառնա, թե ինչքանով է արդարացված այս համակարգը, ինչքանով է համապատասխանում դիմորդների շահերին։ Մեկ բան ակնհայտ է․ դիմորդը  նախընտրած մասնագիտության գծով իր գիտելիքների սահմանում  կարող է բուհ ընդունվել»։

Դիմորդների շրջանում դարձյալ պահանջված են ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Մայր բուհն այս տարի առաջարկում է 380 անվճար, 2466 վճարովի տեղ՝ 56 կրթական ծրագրերով։ «Եթե թվերի վերածենք, ապա առաջին և երկրորդ փուլերով ընդհանուր առմամբ մայր բուհն ունեցել է ավելի շատ դիմորդ, քան ընդունելության տեղերն են, բայց եթե այդ թիվը բաժանենք ըստ մասնագիտությունների, ապա կունենանք ֆակուլտետներ, որոնք թափուր մնացին»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը

«Թափուր տեղեր ունենք ավելի քան 30 կրթական ծրագրերում։ Դրանք և՛ բնագիտական ուղղության են, և՛ հումանիտար։ Երբ լրացուցիչ փուլից հետո, հուլիսի 18-ին ցուցակները հրապարակվեն, թափուր տեղերի ընդունելություն է կատարվելու։ Եվ այն մասնագիտություններով դիմած դիմորդները, որոնք դրական միավորներով դուրս կմնան մրցույթից, կարող են նշել մինչև 6 մասնագիտություն և ընտրել այն թափուր տեղը, որտեղ կցանկանան ընդունվել։ Այդ ժամանակ միգուցե պատկերը կփոխվի դեպի լավը»։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։

Comment here