ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում իր գործունեությունն է սկսում «Club des Poetes» գրական-գեղարվեստական բանավեճային ակումբը

Անուշ Սեդրակյանն ուսանողների հետ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը ysu.am-ի հետ զրույցում պատմել է իրենց ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների համատեղ նախաձեռնության՝ «Club des Poetes» հանրային գրական-գեղարվեստական բանավեճային ակումբի ստեղծման գաղափարի, տեղի ունեցած հիմնադիր նիստի և
զարգացման հեռանկարների մասին:

«Club des Poetes»-ը ուսանողների հետ տարվող ակադեմիական աշխատանքի կարևոր նախաձեռնություն է, որի շրջանակում անցկացվում են հանրային, գրական, ինչ-որ առումով հայեցողական քննարկումներ տարբեր թեմաներով, կազմակերպվում են գրքերի քննարկումներ:

Ֆրանսիական համալսարանների և ուսումնական կենտրոնների օրինակով կյանքի կոչված ակումբի անդրանիկ նստաշրջանը տեղի է ունեցել Ծաղկաձորում՝ «Բնական և աստվածային սիրո» ու «Պատկանելության զգացումը» թեմաներով:

«Մեր ուսանողներին շատ է պակասում վերլուծական-վերացական միտքը. նրանք հիանալի կարողանում են հարցադրումներ անել, բայց աշխարհայացք ձևավորելու համար կարևոր է խոսել այն թեմաների մասին, որոնք համամարդկային հիմնարար արժեքների հիմքն են կազմում»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Ամբիոնի վարիչը ևս մեկ անգամ փաստեց, որ ամբիոնը միշտ էլ առանձնացել է իր ակադեմիական նվաճումներով, այժմ դրանք պետք է իրենց արձագանքն ունենան նաև ուսանողների հետ կատարվող աշխատանքներում:

«Այդ ուղղությամբ իրագործած առաջին ծրագիրը «Newmag»-ի հետ կնքած պայմանագիրն է, համաձայն որի՝ Արտասահմանյան գրականության ամբիոնի մագիստրատուրայի նախկին և ներկա ուսանողները հանձն են առել մի գրքի թարգմանություն, որը լույս է ընծայվելու կոլեկտիվ ջանքերով»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ ավելացնելով, որ գիրքն արդեն խմբագրվում է, և տարեվերջին տեղի է ունենալու գրքի շնորհանդեսը:

Սա Արտասահմանյան գրականության ամբիոնի և «Newmag»-ի առաջին համագործակցությունն է, ինչի շնորհիվ, ըստ ամբիոնի վարիչի,
հրատարակչություններն աչքի տակ կունենան այն մարդկանց, որոնք ունեն լավ թարգմանիչ դառնալու ներուժ:

Անուշ Սեդրակյանը տեղեկացրեց, որ այս պահին ընթացքի մեջ է Ժոզե Սարամագոյի «Կուրություն» գրքի քննարկումը, որը հաջորդ նստաշրջանի ընտրված թեման է լինելու։

«Իհարկե, այս գործընթացը դեռևս իր զարգացման սկզբնական փուլում է, բայց ամեն անգամ որոշել ենք փիլիսոփայական հարցադրումներ անել, այնուհետև գրքերի քննարկումներ կազմակերպել: Առաջիկայում նախատեսվում է նաև Գլաձորի թեմի հետ թարգմանական, աստվածաբանական նախագծեր քննարկել, որի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, սպասում ենք դասերի վերսկսվելուն»,-եզրափակեց նա: