ԳլխավորԽճանկար

Մեծ տարբերություն կա Հայաստանի և Չինաստանի կրթական համակարգերի միջև. ինչ են պատմում ԵՊՀ չինացի ուսանողները

ԵՊՀ-ի չինացի ուսանողները

Չինաստանից Հայաստան ժամանած ուսանողներ Սյուի Յամեյչժոումաին և Վան Ձիհուան մագիստրոսական կրթություն են ստանում ԵՊՀ-ում՝ նպատակ ունենալով իրենց ներդրումն ունենալու հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։

Սյուի Յամեյչժոումաին ԵՊՀ է դիմել միջկառավարական համագործակցության շրջանակում և այժմ սովորում է Պատմության ֆակուլտետի «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրում։ Նա բացահայտել է, որ իր անունը հայերեն թարգմանաբար նշանակում է լուսին, այդ իսկ պատճառով որոշել է իր հայ ընկերներին ներկայանալ Լուսինե անունով։

Չինացի ուսանողն իր մագիստրոսական կրթության շրջանակում ուսումնասիրում է արդի փուլում հայ-չինական մշակութային կապերի զարգացումները։ Ուսումնառության ընթացքում նա սովորել է նաև խոսել հայերեն։

«Ներկայում մագիստրոսական թեզ եմ գրում Հայաստանի և Չինաստանի տնտեսական, մշակութային, քաղաքական և դիվանագիտական կապերի զարգացումների մասին՝ հիմք ընդունելով «Մետաքսի ճանապարհ․ տնտեսական գոտի» հայեցակարգը»,- ասաց նա ու փաստեց, որ 2024 թ․ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարին է լրանում։

Սյուի Յամեյչժոումաին նախքան ԵՊՀ ընդունվելը բակալավրիատական կրթություն է ստացել Չինաստանում՝ Լանչժոուի արվեստի և գիտությունների համալսարանում։

«Մինչ Հայաստան գալը շատ բան չգիտեի այս երկրի և ժողովրդի մասին։ Երբ եկա այստեղ, հանդիպեցի փորձառու դասախոսների և ընկերասեր ուսանողների, որոնք ինձ շատ հարցերում օգնեցին։ Մագիստրատուրան ավարտելուց հետո նպատակ ունեմ դիմելու ԵՊՀ ասպիրանտուրա»,- ընդգծեց չինացի ուսանողը։

Սյուի Յամեյչժոումաին գտնում է, որ հայ-չինական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ է ընդլայնել հաղորդակցական ուղիները։ Այս համատեքստում նա կարևորեց մեդիայի դերը Հայաստանում ու Չինաստանում և երկու երկրների մասին իրազեկվածության բարձր մակարդակի ապահովումը։ Անդրադառնալով լեզվական խոչընդոտին՝ Սյուի Յամեյչժոումաին նշեց, որ ներկայում Չինաստանի որոշ համալսարաններում ուսանողներն արդեն իսկ հնարավորություն ունեն ուսումնասիրելու հայոց լեզուն, իսկ Հայաստանում էլ գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտը՝ ուղղված չինարենի գիտելիքները հարստացնելուն։

«Մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված էական քայլեր պետք է կատարվեն, մասնավորապես անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների միջև գործակցային կապերը զբոսաշրջության ոլորտում։ Չինաստանը կարող է ապահովել զգալի թվով զբոսաշրջիկների այցելություններ Հայաստան, իսկ Հայաստանը, լինելով պատմական հարուստ ժառանգություն ունեցող երկիր և ունենալով զբոսաշրջային հիանալի ուղղություններ, կարող է հրապուրիչ լինել չինացի զբոսաշրջիկների համար»,- ասաց չինացի մագիստրանտը՝ հետևություն անելով իր կատարած ուսումնասիրություններից։

Խոսելով կրթական համակարգից՝ Սյուի Յամեյչժոումաին ընդգծեց․

«Մեծ տարբերություն կա Հայաստանի և Չինաստանի կրթական համակարգերի միջև։ Չինաստանում ուսումնառության կազմակերպումը շատ խիստ է, նույնիսկ աշխատող ուսանողները չեն կարող որևէ դասից բացակայել։ Քննությունների ձևաչափը ևս տարբերվում է․ Չինաստանում յուրաքանչյուր կիսամյակի համար միայն մեկ գրավոր քննություն է անհրաժեշտ հանձնել, իսկ Հայաստանում բացի գրավոր քննությունից անհրաժեշտ է հանձնել բանավոր քննություն, ինչպես նաև գրել էսսե»,-նշեց նա ու ընդգծեց, որ Հայաստանում քննությունների անցկացման այս ձևաչափն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալու ավելի համապարփակ գիտելիքներ, որոնք հնարավոր կլինի կիրառել տարբեր ոլորտներում։

Պատմության ֆակուլտետի չինացի մյուս մագիստրանտ Վան Ձիհուան իր նախաձեռնությամբ Հայաստան է եկել ավելի քան 2 տարի առաջ՝ ԵՊՀ-ում «Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու։ Չինացի ուսանողը նախընտրեց հարցերին պատասխանել հայերենով՝ ասելով, որ գրեթե մոռացել է անգլերենը։

Վան Ձիհուան նախքան Հայաստան գալն ուսանել է Չինաստանի Նանկայի և Չժեցզյան համալսարաններում։ Նա Հայաստանում իր հայ ընկերներին ներկայանում է Իշխան անվամբ։ Նրա մեկնաբանմամբ՝ իր չինական անունը հայերեն թարգմանվում է թագավորի որդի, ինչն էլ հիմք է դարձել ընտրելու հայկական Իշխան անունը հայ հանրության շրջանում ներկայանալու համար։

Նա իր մագիստրոսական թեզի համար ընտրել է «Առաջին աշխարհամարտի ընթացքում օսմանյան բանակ զորակոչված հայերի քանակի, դրության և ճակատագրի հարցերը հայ և թուրք պատմագրության մեջ» թեման։ Նրա ուսումնասիրության տիրույթում են ինչպես արևմտահայերեն, այնպես էլ թուրքալեզու գրականությունը։

«Չինաստանում ուսումնասիրել եմ համաշխարհային պատմություն, հետաքրքրված էի Մերձավոր Արևելքի պատմությամբ, բայց քանի որ սա շատ համապարփակ թեմա էր, պետք է ընտրեի պատմության ճյուղերից մեկը, օրինակ, Օսմանյան կայսրության պատմությունը»,- ասաց նա։

Չինացի մագիստրանտը նշեց, որ Չինաստանում մագիստրատուրայի առաջին կուրսում ուսանելու ժամանակ իր դասախոսն իրեն առաջարկել է ուսումնասիրել Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների (օրինակ՝ հայերի, հրեաների, հույների) պատմությունը։

«Ես ընտրեցի Օսմանյան կայսրությունում ապրած հայերի պատմության, մասնավորապես 1914-1918 թթ․ օսմանյան բանակում ծառայած հայ զինվորների ճակատագրի ուսումնասիրությունը։ ԵՊՀ-ում ուսումնառելու տարիներին պարզել եմ նաև, որ հայերն ունեն յուրահատուկ այբուբեն, յուրօրինակ լեզու, առանձնահատուկ մշակույթ, ինչն էլ ինձ մեծապես հետաքրքրեց»,- հավելեց նա։

Վան Ձիհուան ԵՊՀ-ում բավական լավ հայերեն սովորելուց հետո սկսել է թուրքերեն սովորել։ Նա ընդգծեց, որ թուրքերեն է սովորում հայերենի օգնությամբ։

«ԵՊՀ-ում մագիստրոսական թեզս պաշտպանելուց հետո նպատակ ունեմ դիմելու Մյունխենի համալսարան, որի Օսմանագիտության ամբիոնից պահանջել են ունենալ թուրքերենի իմացության բավական բարձր՝ C1 մակարդակ»,- նշեց նա։

Բժիշկների ընտանիքի զավակ Վան Ձիհուան հույս ունի, որ Գերմանիայում ասպիրանտուրան ավարտելուց հետո իրեն կհաջողվի ի կատար ածել իր երազանքը՝ Չինաստանի համալսարաններում դասավանդել «Հայոց պատմություն» և «Հայագիտություն» առարկաները, որոնք դեռևս չեն դասավանդվում այդ համալսարաններում։