ԳլխավորԼուր

«Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

«Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ընդգծեց, որ համալսարանում տարբեր ֆակուլտետների նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվող գիտական միջոցառումները խթանում են գիտական մտքի շրջանառությունն ու ընդլայնում փորձագիտական հետազոտությունների շրջանակը։

«Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին նվիրված այս գիտաժողովի թեմաների բազմազանությունը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ ոլորտում դեռ շատ անելիք կա։ Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումների ժամանակ մշտապես շեշտում ենք, որ պատմագիտության խնդիրներն էական ազդեցություն ունեն հումանիտար մտքի ձևավորման վրա։ Այս գիտաժողովն անչափ կարևոր է ինչպես հայագիտության առջև ծառացած խնդիրները քննարկելու, հանգուցային հիմնահարցերը վերհանելու ու լուծումներ փնտրելու, այնպես էլ տարբեր հետազոտողների միջև կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից: ԵՊՀ-ն մշտապես աջակցում է տարբեր երկրներում գործող հայագետների ջանքերի միավորմանն ու հայագիտության էլ ավելի ակտիվ զարգացմանը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ անհրաժեշտ է օբյեկտիվ ձևով վերլուծել առկա խնդիրները և քննադատաբար մոտենալ տարբեր հարցերի։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ընդգծեց, որ նույնիսկ սահմանափակումներով հանդերձ՝ 19-րդ և 20-րդ դարերում ստեղծված պատմագիտական, հայագիտական աշխատությունները լավագույններից են։

«Անկախության 30 և ավելի տարիները, մեր ընկալմամբ, պետք է դառնային պատմագիտության, հայագիտության և հայ պատմագիտության նոր պարադիգմայի ձևավորման ամենակարևոր ժամանակահատվածը: Կարծում եմ՝ գիտաժողովի շրջանակում անցկացվելիք քննարկումները հնարավորություն կընձեռեն պարզելու՝ հաջողե՞լ ենք այդ հարցում, թե՞ ոչ»,- ասաց Մ. Գաբրիելյանն ու շեշետեց, որ պատմագիտությունը գիտություն է, որի պատասխանները ոչ միայն թվերի, փաստերի վրա են հիմնված, այլև այն ժառանգության, որն ստացել է հայ ժողովուրդը։

Գիտաժողովի թեմաներն առնչվում են տարբեր ոլորտների՝ հայոց պատմություն, կովկասագիտություն, ազգաբանություն, մշակութաբանություն։

«Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

Գիտաժողովի հրավիրյալ հետազոտողների զեկուցումներն ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հայագիտության գործառույթները համաշխարհայնացման դարաշրջանում, պատմական Սյունիքի տեղանունների ուրարտական ենթաշերտի ուսումնասիրություն, ձեռագիր հիշատակարանի դերը, որը դիտարկվում է որպես պատմական սկզբնաղբյուր, կանայք Արցախի միջնադարյան մշակույթում՝ ըստ խաչքարային և տապանաքարային պատկերաքանդակի։ Մշակութային մարդաբանության թեմայի շրջանակում անդրադարձ է կատարվելու նաև հայկական Աղվանքի դերին քրիստոնեական կրոնի ծագման հարցում։ Կովկասագիտության շրջանակում խոսվելու է նաև «Մեծ Թուրան» նախագծի վերածննդից և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից, ինչպես նաև մեկնաբանվելու է «Մետաքսի ճանապարհը. Իրանի և Կենտրոնական Ասիայի դերը հին աշխարհի տնտեսական և մշակութային զարգացումներում» թեման։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկող շուրջ 100 մասնակիցները ներկայացնում են ՀՀ և արտերկրի (ԱՄՆ, Վրաստան, Ֆրանսիա, ՌԴ, Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Իրան, Անգլիա) գիտահետազոտական առաջատար հաստատություններ։