ԳլխավորԼուրԽճանկար

3,6 միլիարդ մարդ ներկայումս բախվում է ջրի պակասի հետ. զեկույց

Սառցադաշտ

Հոկտեմբերի 7-ին պաշտոնապես թողարկվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ)-ի Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի 2023 թվականի զեկույցը, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

2023 թվականի զեկույցի հիմնական շեշտադրումներն են՝

  • 2023 թվականը աշխարհի գետերի համար ամենաչոր տարին էր վերջին 33 տարվա ընթացքում, և ամբողջ աշխարհի գետերի գրեթե 50%-ը նորմայից ցածր հոսք է ունեցել, ինչը ազդարարում է ջրի հասանելիության կրիտիկական փոփոխությունների մասին:
  • Սառցադաշտերը ամենամեծ զանգվածային կորուստներն են կրում վերջին 50 տարվա ընթացքում վտանգելով ապագա ջրային անվտանգությունը։
  • Կլիմայի փոփոխությունը հիդրոլոգիական ցիկլը դարձնում է ավելի անկանոն, հեղեղումները դարձնելով ավելի էքստրեմալ, իսկ երաշտներն ավելի ինտենսիվ։
  • ՀՕԿ-ը պահանջում է ավելի լավ մոնիթորինգ և տվյալների փոխանակում։ Քաղցրահամ ջրային ռեսուրսների վերաբերյալ ունեցած տվյալները դեռևս բավարար չեն: Ավելի լավ մոնիթորինգը և տվյալների փոխանակումը կարևոր են ջրի կառավարման վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար, քանի որ մենք չենք կարող կառավարել այն, ինչ չենք չափում:

Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի մասին զեկույցն արդեն երրորդ անգամ է, որ թողարկվում է և մինչ օրս սա ամենաընդգրկունն է՝ լճերի և ջրամբարների ծավալների, հողի խոնավության տվյալների վերաբերյալ նոր տեղեկություններով և սառցադաշտերի և ձյան մեջ ջրի պաշարների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներով:

Համաշխարհային ջրամատակարարումը աճող սթրեսի տակ է

  • Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի զեկույցում նշվում է համաշխարհային ջրամատակարարումների ծանր սթրեսի մասին։ Հինգ տարի անընդմեջ գետերի նորմայից ցածր հոսքերի, ինչպես նաև դրան հետևող ջրամբարներ ներհոսքի պատճառով այս պակասը ազդում է համայնքների, գյուղատնտեսության և էկոհամակարգերի վրա և այս պակասն ապագայում ավելի կսրի համաշխարհային ջրային ռեսուրսների վրա ճնշումը:
  • Բացի այդ, սառցադաշտերը կրել են իրենց ամենամեծ զանգվածային կորուստը վերջին 50 տարում։ 2023 թվականին աշխարհի բոլոր տարածաշրջանները, որտեղ առկա են սառցադաշտեր՝ երկրորդ տարին անընդմեջ արձանագրեցին սառույցի կորուստ: Ըստ նախնական տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը, սառցադաշտերը կորցրել են ավելի քան 600 գիգատոն ջուր։
  • Զեկույցը նաև ընդգծում է, որ 2023 թվականը եղել է դիտարկումների ժամանակահատվածի ամենաշոգ տարին, որը նշանավորվել է երկարատև երաշտներով և համատարած հեղեղումներով, որոնք պայմանավորված են եղել ինչպես Լա Նինյաից-Էլ Նինյո անցումով, այնպես էլ անթրոպոգեն ազդեցությամբ առաջացած կլիմայական փոփոխություններով:
  • Համընդհանուր չոր պայմանները և բարձր ջերմաստիճանները նպաստել են էքստրեմալ հիդրոլոգիական իրադարձությունների աճին, ոչ միայն երկարատև երաշտների, այլև զգալի թվով հեղեղումների ամբողջ աշխարհում:
  • Հյուսիսային կիսագնդի գետերի ավազանների մեծ մասում մարտին ձյան մեջ ջրի պաշարը նորմայից ցածր էր կամ շատ ցածր, բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերում որտեղ բարձր էր նորմայից:
  • Հողի խոնավության մակարդակը աշխարհում տարածքների մեծ մասում հիմնականում նորմայից ցածր էր կամ շատ ցածր։
  • Մարդկային զոհերի ամենամեծ թիվը 2023 թվականին գրանցվել է Աֆրիկայում։ Լիբիայում 2023 թվականի սեպտեմբերին երկու ամբարտակներ փլուզվեցին ուժեղ հեղեղումների պատճառով, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 11000 մարդ և տուժեց բնակչության 22 տոկոսը:

Թեև 2023 թվականի զեկույցը շահել է ՀՕԿ-ի անդամների կողմից տվյալների փոխանակման և մասնակցության ավելացումից, զգալի բացեր են մնում համաշխարհային ջրային ռեսուրսների մոնիթորինգի և տվյալների բաց փոխանակման հարցում՝ ընդգծելով այս ոլորտներում շարունակական առաջընթացի անհրաժեշտությունը, հատկապես Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում:

Զեկույցը նպատակ ունի ստեղծել հիդրոլոգիական փոփոխականների գլոբալ տվյալների շտեմարան՝ աջակցելու ջրի հետ կապված վտանգների վաղ նախազգուշացման համակարգերին մինչև 2027 թվականը: Քանի որ 3,6 միլիարդ մարդ ներկայումս բախվում է ջրի պակասի հետ, և կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը այդ թիվը կգերազանցի 5 միլիարդը, զեկույցը ընդգծում է գործողությունների հրատապ անհրաժեշտության մասին։