2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում․ դրանք ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո են։ Թանգարանների միջազգային օրվա առիթով գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
Նա հիշեցնում է՝ մայիսի 18-ին աշխարհում նշվող Թանգարանների միջազգային օրը կարևոր հարթակ է ընդգծելու թանգարանների դերը մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
«Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր»,- ընդգծում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։
Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն, ըստ Ավանեսովի, այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ է, ինչպես ներկայումս Արցախում է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


