Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչներին տարհանել են գյուղից, նրանք այժմ այլ վայրում են, գտնվում են ապաստարաններում: Այս մասին Usanogh.am-ին հայտնեց գյուղի դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանը:
«Լավ չենք, գյուղի տղամարդկանցից շատերը զոհվել են, շատերը` վիրավորվել, երեկ երեկոյան տարհանեցին մեզ, գյուղացիներից շատերս միմյանց հետ կապ հաստատել չենք կարողանում, միմյանց զանգահարել չի լինում: Դիմել ենք ռուս խաղաղապահներին, Ստեփանակերտի օդանավակայանին, որպեսզի մեզ տեղափոխեն, դեռ սպասում ենք»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ` օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ հայտնի է Արցախում 32 զոհի, ավելի քան 200 վիրավորի մասին։
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ