ԳլխավորԼուր

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին…

Տեսախցիկ՝ Արցախին աջակցող գրությամբ

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և այլոց, ովքեր ծանր պահին իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց վերջիններս բախվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով:

«Շնորհակալություն եմ հայտնում Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և շատ այլ մարդկանց այս դժվար պահին Արցախի ժողովրդի կողքին կանգնելու և իրենց ձայնը բարձրացնելու համար: Ձեր ձայնն ու աջակցությունը շատ մեծ նշանակություն ունեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Վարդանյանը:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Հունվարի 12-ին ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։

Հունվարի 21-ին էլ ադրբեջանցիները կրկին անջատել են Արցախի գազամատակարարումը։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ շուրջ 120 հազար արցախցիներ (այդ թվում՝ 30 հազար երեխա)՝ շրջափակման մեջ։